Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում ապրիլի 18-ին անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ նվիրված 1915 թ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթը անցկացվեց Վրաստանի հայ Օգնության Միության վարչության նախաձեռնությամբ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի երիտասարդական կենտրոնների սաների միջև:

Խաղը անցկացվեց «Պիտի կերտենք նոր արշալույս» խորագրով: Յուրաքանչյուր թիմը բաղկացած էր 10 մասնակցից: Ախալքալաքի թիմը հանդես եկավ «Հայկ» անվանումով, Նինոծմինդայի թիմի անունն էր՝ «Գուգարք», իսկ Ախալցիխեի թիմի անունն էր՝ «Ծոփք»:

Հարցաշարը կազմված էր հայոց պատմություն, գրականություն, երգ և պար առարկաներից:
Ժյուրին կացմված էր երեք հոգուց: Յուրաքանչյուր բաժին գնահատում էր համապատասխան մասնագետ ժյուրիի անդամը, ըստ 10 բալային համակարգի:

Հայոց պատմությանը վերաբերող հարցերը գնահատում էր նինոծմինդացի պատմաբան ՝ Սևակ Երանոսյանը, գրականությանը վերաբերող հարցերը գնահատում էր Մաջադիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Լուսինե Ուզունյանը, իսկ երգ-պարին վերաբերող հարցերը գնահատում էր Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցչուհի՝ Նունե Ափոյանը:

Չնայած այն բանին, որ հայոց պատմություն առարկան դպրոցներում չի դասավանդվում, մասնակիցները բավականին լավ էին նախապատրաստված: Այդ ամենը թիմի մասնակիցները սովորել էին երիտասարդական կենտրոնում:

Առաջի տեղը գրավեց և առաջի կարգի պատվոգիր ստացավ Ախալքալաքի «Հայկ» թիմը, երկրորդ մրցանակ և երկրորդ կարգի պատվոգիր ստացավ Նինոծմինդայի «Գուգարք» թիմը, իսկ երրորդ մրցանակը և համապատասխան պատվոգիրը ստացավ Ախալցիխեի «Ծոփք» թիմը: Հարկ է նշել, որ թիմերի բալերի միջև եղած տարբերությունը շատ քիչ էր:

Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնի հայոց պատմության ուսուցիչ՝ Վաչագան Ռստակյանը մրցումները գնահատում է լավ:
«Նկատի ունենալով, որ մրցումները անցկացվում են առաջին անգամ, կարելի է ասել, որ ամեն ինչ շատ լավ էր: Մեր երեխաների պատասխանները ապացուցեցին, որ մենք իրոք հավերժացող ժողովուրդ ենք: Իսկ ինչ վերաբերում է մեր բազում վերքերին, կարելի է ասել մեկը սպիացած է, որովհետև մեզանից հետո այսպիսի սերունդ ունենք»,- ասաց Վաչագան Ռստակյանը:
игра1

Շուշան Շիրինյան