Վրաստանի ներքին գործերի նախարարության 2023 թվականի առաջին եռամսյակի վիճակագրության համաձայն՝ Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով առաջին տեղում Ռուսաստանն է:
Ըստ ՆԳՆ-ի՝ երեք ամսում Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 298 285 քաղաքացի: ՆԳՆ-ի հրապարակած սահմանային հատումների վիճակագրության համաձայն, հունվար-մարտ ամիսներին Վրաստանից դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության 320 236 քաղաքացի։
Սահմանների հատման վիճակագրությամբ Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով Թուրքիան երկրորդ տեղում է, որին հաջորդում են Հայաստանը, ԵՄ երկրները, Իսրայելը, Ադրբեջանը և Ուկրաինան։
Բացի այդ, պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում պետական սահմանը հատվել է ընդհանուր առմամբ 3 574 595 անգամ (մուտք, ելք)։ Քաղաքացիների 66 տոկոսը եղել են օտարերկրացիներ, իսկ 34 տոկոսը՝ ազգությամբ վրացիներ։ Ժամանածներից 732 738 24 ժամ և ավելի է անցկացրել երկրում, 171 133 քաղաքացի Վրաստանի տարածքը օգտագործել է տեղափոխման նպատակով:
Նշենք, որ հունվար-մարտ ամիսներին սահմանի հատման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում, երկրորդը Թբիլիսիի միջազգային օդանավակայանն է, երրորդը՝ վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսակետը։