Վրաստանի ազգային բանկը (ՎԱԲ) թողարկել է հինգ լարիանոց (մոտ 1,8 դոլար) հավաքածուի արծաթե մետաղադրամ` նվիրված Տոկիոյի XXXII ամառային օլիմպիական խաղերին:
Մետաղադրամի դիզայնի հեղինակը Իվա Յանեզաշվիլին է: Էսքիզն ընտրվել է բաց մրցույթի միջոցով: Մետաղադրամները հատվել են Նիդեռլանդների Թագավորական դրամահատարանում:
Գլխավոր կոմպոզիցիան ավերսին է՝ Տոկիոյի հիմնական օլիմպիական արենայի ոճավորված գրաֆիկական պատկերումը: Արենայի ներսում ծածանվում է Վրաստանի դրոշը: Մետաղադրամի կենտրոնական աջ մասում պատկերված է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանշանը: Պատկերի տակ կան նաև երկու գրություններ շրջանագծի աղեղով. «Վրաստանի ազգային օլիմպիական հավաքական» և «Ամառային օլիմպիական խաղեր» (վրաց. «ზაფხულის ოლიმპიური თამაშები»):
Հավաքածուի մետաղադրամի դարձերեսին պատկերված է մարզադաշտի վազքուղին: Դարձերեսին վրացերենով և անգլերենով կան «5 լարի», «Ճապոնիայում ամառային օլիմպիական խաղեր» գրությունները: Այստեղ առավել անսովոր մանրուքը թաքնված պատկերն է՝ «2020» և «2021» մակագրություններով: Դրանք փոխվում են՝ տարբեր անկյուններով մետաղադրամը թեքելիս:
Մետաղադրամները վաճառքի կհանվեն ապրիլի 1-ից և վաճառքում կլինեն հինգ օր: Դրանք կարող եք ձեռք բերել առցանց, ինչպես նաև կանխիկ՝ Վրաստանի ազգային բանկի կենտրոնում (Թբիլիսի՝ Կախեթիի խճուղի 72) և Վրաստանի ազգային բանկի դրամների թանգարանում (Կղվարելի, Շոթա Ռուսթավելիի փող. 10):
Արծաթե մետաղադրամի արժեքը (կշիռը 15,5 գրամ) 80 լարի է:
«Վրացական սպորտի օլիմպիական պատմությունը սկսվում է քսաներորդ դարի հիսունական թվականներից: Հաշվի առնելով անցած տարիների Օլիմպիական խաղերում և միջազգային խոշոր մրցումներում մարզիկների ձեռքբերումներն ու ցուցաբերած արդյունքները, հուսով ենք, որ Վրաստանի ներկայացուցիչները հաջողության կհասնեն հաջորդ Օլիմպիական խաղերում», – ասվում է Ազգային բանկի հաղորդագրության մեջ:
Ենթադրվում էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն համավարակի պատճառով մրցույթը հետաձգվել էր մեկ տարով: Դրանք տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միջոցառման անվանումը չի փոխվել՝ «Տոկիո 2020»: