Ախալքալաքում շտապ օգնության նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Թղթաբանությունն ավարտված է, մնում է առողջապահության նախարարությունը էլեկտրոնային մրցույթ հայտարարի։

2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգման, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագծի իրականացման համար կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները, այդ թվում՝ Ախալքալաքը։ Ախալքալաքում պետք է կառուցվեր նոր շենք, սակայն 4 տարի է այն հետաձգվում է։

Սկզբնական շրջանում Ախալքալաքում շտապ օգնության շենքի կառուցման համար տարածք չէին գտնում, հիմա այդ խնդիրը լուծված է։ Շտապ օգնության նոր կենտրոնը կկառուցվի հիվանդանոցի դիմաց, անհրաժեշտ հողատարածքն արդեն հատկացված է։

Ախալքալաքի քաղաքապետարանից հաստատում են, որ նոր շենքի կառուցման աշխատանքներն այս տարի կսկսվեն:

«Բոլոր փաստաթղթերը փոխանցել ենք առողջապահության նախարարություն,  դրական պատասխան ունենք  և սպասում ենք, որ նախարարությունն էլեկտրոնային միցույթ հայտարարի», – Jnews-ին ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Քաղաքապետը վաստահեցնում է, որ այս տարի շտապ օգնության շենքը կկառուցվի, քանի որ բոլոր շահագրգիչ կողմերից ստացել են դրական պատասխան։

Շտապ օգնության նոր շենքի համար կհատկացվի 565 000 լարի, բայց ինչպես ասում է Մակարյանը՝ այդ թիվը փոփոխական է, ինչքան պահանջվի, այդքան էլ կտրամադրվի։

Հարկ է նշել, որ շտապ օգնության նոր կենտրոնի շինարարությունն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով: