Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության՝ «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում շարունակվում են Ախալքալաքի կենտրոնական փողոցի բաեկարգման աշխատանքները։ Այդ աշխատանքները սկսվել են անցած տարվա վերանորոգված մայթերը քանդելով։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից, աշխատանքները թերի են կատարվել, այդ պատճառով հիմա քանդում են, որ շտկեն:
Անցած տարի դեկտեմբեր ամսին քաղաքի գլխավոր փողոցի մայթերը սալիկապատվեցին: Շինարարները շտապում էին օր առաջ ավարտել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանները վատանում էին:
Սական հիմա, երբ վերսկսվել են աշխատանքները, շինարարները քանդում են իրենց իսկ կողմից նորոգված մայթերը, որպեսզի թեքահարթակ կառուցեն: Բանն այն է, որ նորոգված մայթերը հարմարեցված չեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
Ինչպես Jnews-ին հայտնեցին քաղաքապետարանից, «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում Ախալքալաքում աշխատանքները թերի են կատարվել, այդ պատճառով Ախալքալաքի քաղաքապետարանը չի ընդունել դրանք:
Այս օրերին շինարարները շտկում և ավարտին են հասցնում ծրագրով նախատեսված աշխատանքները:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս 2021 թվականի հուլիս ամսից: