Ախալցիխեի հայաբնակ Օրալ գյուղի բարձրունքում կանգնեցված խաչն անցած տարի ապամոտաժվել էր: Գյուղի բնակիչներն ապամոնտաժված խաչը նորից նույն վայրում տեղադրելու թույլտվություն են ստացել: Ինչպես հայտնում է «Հարավային Դարպաս» տարածաշրջանային պորտալը, Կրոնի հարցերի պետական գործակալությունը դրական հանձնարարական է տվել նշված խնդրի վերաբերյալ։ Ախալցիխեի քաղաքապետարանը գործակալությանը դիմել էր այս տարվա հունվարի 9-ին:

Անհայտ պատճառներով սարի գագաթին տեղադրված երկաթյա խաչը ապամոնտաժվել և իջեցվել էր: JNEWS-ը կապ հաստատեց Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի հետ:

«Արդեն թույլատվությունը կա, պատգամավորի և փոխքաղաքապետի միջնորդությամբ այդ հարցերը կարգավորվեցին, մնում է Զատիկից հետո գնանք և տեղադրենք խաչը», – ասաց հոգևորականը:

Խաչը կտեղադրվի նույն տեղում, որտեղից իջեցվել է:

Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք առաջին անգամ է գրանցվում: Խաչ տեղադրելու համար Օրալի հարևան գյուղերի բնակիչները նախկինում երբևէ ոչ ոքի չեն դիմել հատուկ թույլտվություն ստանալու համար:

Հատկանշական է նաև, որ Կրոնի գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարտի 15-ին տեղի է ունեցել Կրոնական հարցերի պետական գործակալությանն առընթեր կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող 2023 թվականի հանձնարարական հանձնաժողովի առաջին նիստը։

Թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում էր խաչը իջեցվել տեղադրված վայրից, կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով՝

Ախալցիխեի հայաբնակ գյուղի բարձրունքից խաչ են իջեցրել