Ախալցիխեի մունիցիպալիտետի Օրալ գյուղի բնակիչների նախաձեռնությամբ սարի գագաթին խաչ էր կանգնեցվել, որն էլ մոտ մեկ շաբաթում գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչը կտրել և տարել եղեկեցու մոտ է դրել, ասելով, որ նախքան տեղադրելը թույլտվություն է պետք ստանալ: Այս մասին հայտնել է “Հարավային Դարպաս” տարածաշրջանային պորտալը։

Լրատվամիջոցը փոխանցում է, որ տեղացիներին հայտնի չէ, թե ում հրամանով է ապամոնտաժվել խաչը։

Jnews-ը կապ հաստատեց Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի հետ։ Հոգևորականը վստահեցնում է՝ խաչի մասին իմացել միայն այն իջեցնելուց հետո:

«Նմանատիպ խաչեր, որ կանգնեցվում են, ես տեղյակ եմ լինում, բայց այս թեմայի հետ կապված ժողովուրդն ինձ տեղյակ չի պահել: Իհարկե, ես շատ վատ եմ զգացել, որ նմանատիպ միջադեպեր են լինում, նաև վիրավորված եմ, որ քրիստոնեական երկրում, քրիստոնեական խաչ է կտրվում: Հիմա մենք զբաղվում ենք այդ հարցով, քաղաքապետարանի հետ նույնպես եղել են խոսակցություններ, որ իրենք պետք է վերականգնեն։ Ռուբեն Կարապետյանին էլ ենք տեղյակ պահել, փոխքաղաքապետ է: Նրանք նույնպես շահագրգռված է խնդրի լուծմամբ», – ասաց Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:

Նա նաև նշում է, որ խաչը հանելու պատճառն այն է, որ տեղադրելուց առաջ թույլտվություն չեն ստացել: Սակայն մինչ այս երբեք այդ թույլտվությունը չի եղել, կամ եղել է բանավոր խոսքով, կամ առանց դրա:

Sknews-ը ճշտել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Գորիի գրասենյակի ղեկավար Քեթի Բեբիաշվիլիից հարցի իրավաբանական կողմը։ Ըստ իրավաբանի բացատրության՝ քաղաքապետի ներկայացուցչի արարքն անօրինական է, նա գերազանցել է իրավասությունները։ Քանի որ, եթե խաչը գտնվել է պետությանը պատկանող տարածքում, ապա պետք է ներգրավվեր համապատասխան մարմինը, եթե այս տարածքը ներառված չէ որևէ գործակալության սեփականության մեջ, ապա այս տարածքում խաչ տեղադրելը բնակչության ու հոգևորականների բարի կամքն։

Ավագանու պատգամավոր Պետրոս Վարդանյանը sknews-ի հետ զրույցում ասել է, որ բնակչությունն առանց թույլտվության է կանգնեցրել՝ ոչ գյուղապետին, ոչ քաղաքապետարանին, ոչ կառավարությանը տեղյակ չեն պահել: Այդ պատճառով էլ ասել են, որ հանեն, գյուղապետն էլ հանել է, դրանից հետո թույլտվություն ստանալու համար տեղի բնակիչները փաստաթղթեր են պատրաստել և ներկայացրել քաղաքապետարան։

Ինչպես տեղեկացնում է sknews-ը, խաչը նույն տեղում տեղադրելու համար գյուղացիները 2022 թվականի դեկտեմբերի 28-ին դիմել են Ախալցիխեի քաղաքապետարան։ Ինչպես բնակիչներն են ասում, ստորագրություններ են հավաքել, և նրանց խոստացել են, որ կտեղադրեն։ Բայց մինչ այսօր պատասխան չեն ստացել որոշման մասին:

Ախալցիխեի քաղաքապետարանից sknews-ին պարզաբանել են, որ դիմումը քննարկման փուլում է։

Ախալցիխեի քաղաքապետարանի շատ գյուղերում տարբեր խաչեր են կանգնեցված, բնակավայրի մոտ գտնվող բարձրադիր վայրերում։ sknews-ը շրջել է այդ գյուղերով և փորձել պարզել, թե արդյո՞ք մյուս գյուղերում խաչ տեղադրելիս թույլտվություն ստացել են թե ոչ: Թե Ծնիսիում, թե Կլդեում բնակիչները ասել են, որ տեղադրել են առանց թույլտվության և խնդիրներ չեն ունեցել: