Ապրիլի 3-ից Ախալքալաքի քաղաքային լողավազանը վերջապես կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին խոստում են տվել լողավազանի տնօրինությունից: Այն չի գործում անցյալ տարվա սեպտեմբերից։

Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանի խոսքով, Ախալքալաքի քաղաքային լողավազան այցելելու գրանցումն արդեն սկսվել է։ Լողավազանն ի սկզբանե փակվել էր մեկ ամսով, սեպտեմբերի սկզբին: Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ այն պետք է բացվեր մաքրումից հետո՝ մեկ ամսից, այսինքն՝ հոկտեմբերի սկզբին։ Այսքան ժամանակ է պահանջվում ջուրը թափելու, մաքրելու, ջուրը լցնելու և այն տաքացնելու համար։ Սակայն բացումը ձգձգվեց 7 ամիս, ինչպես այն ժամանակ ասում էին լողավազանի տնօրինությունu՝ վերանորոգման պատճառով։ Նշենք, որ ամեն անգամ մաքրման նպատակով փակվելուց հետո լողավազանի բացումը ամիսներով ձգձգվում է: Սա առաջին անգամը չէ։

Ինչպես անցյալ տարվա հոկտեմբերին, այնպես էլ նոյեմբերին տնօրինությունից էին ասել այն մասին, որ շուտով լողավազանը բացվելու է։ Իսկ հետո ՏԻՄ-ում քննարկվել էր լողավազանից օգտվելու թանկացման հարցը։ Սակայն, ինչպես նշեց տնօրեն Մարտին Գաբրիելյանը, դրանից օգտվելու գինը դեռ չի փոխվել։

2023 թվականի համար Ախալքալաքի լողավազանի բյուջեն կազմում է 248 000 լարի, նույնքան հատկացվել էր տեղական բյուջեով անցած 2022 թվականին: