Այսօր՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի տեղական իշխանությունների և մունիցիպալ կառույցների ներկայացուցիչները շաբաթօրյակ են անցկացրել «Տավշանկա» հանգստի գոտում և այլ վայրերում։
Վաղ առավոտյան Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրել են նախկին զինվորական ավանի տարածքը։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, նրա տեղակալ Գայոզ Լոմսաձեն, պատգամավորներ և Սակրեբուլոյի այլ աշխատակիցներ մաքրել են Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի համալսարանի շենքի հետևում գտնվող Տավշան Տապա (Ամիրանիս Գորա) լեռան ստորոտում գտնվող հանգստի գոտին։
Քաղաքապետարանի և այլ հիմնարկների աշխատակիցները Տավշան Տապա լեռան մյուս կողմում էին։ Այստեղ ակտիվորեն աշխատում էին նաև Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները։
Այսօր մաքրվել է՝ «Տավշանկա» հանգստյան գոտու որոշ հատվածներ, բեռնատարների վարորդների համար զուգարանի վերածված Ախալքալաքի բերդը, նախկին զինվորական ավանի տարածքը, Դիլիսկա գյուղի ճանապարհը և այլն։
«Շաբաթօրյակի» համար Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը ներգրավել է 4 աղբատար մեքենա և «Bobcat» մինի տրակտոր, տրամադրել ձեռնոցներ և աղբի հավաքման համար տոպրակներ։