Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և առաջին ցնցումից հետո նավթամթերքի գները բարձրացան։ Միաժամանակ թանկացավ նաև հասարակական տրանսպորտը, իսկ վերջերս Ախալքալաքում երկրորդ թանկացման պտույտն է նկատվում, պատճառը նույնն է՝ թանկ վառելիքը, սակայն ոչ միայն դա։

17-20-25 լարի՝ վերջին կես տարվա ընթացքում այսկերպ է թանկացել Ախալքալաքից դեպի Թբիլիսի հասարակական տրանսպորտը: Վարորդները, ինչպես և առաջին անգամ, որպես պատճառ նշեցին վառելիքի թանկացումը, սակայն մյուս պատճառն այն էր, որ վարորդները հաճախ ստիպված են Թբիլիսի մեկնել վնասով՝ 2-3 ուղևորով։

Համեմատության համար, նրանք որպես օրինակ են բերում Ախալքալաքից Երեւան ճանապարհը։ Ախալքալաք-Երևան ճանապարհը 210 կմ է, Թբիլիսի կարելի է հասնել՝ անցնելով 280 կմ, սակայն մինչև Երևան տրանսպորտի արժեքը 40 լարի է, իսկ մինչեւ Թբիլիսի՝ 25 լարի։ Նշենք, որ համավարակի ժամանակ Երևան տանող ճանապարհն արժեր 50 լարի, վարորդները Հայաստան տրանսպորտային գների 100 տոկոսով (25 լարիից դառնալով 50 լարի) թանկացումը բացատրում էին վարորդների համար COVID-19 թեստավորման անհրաժեշտությամբ։ Սակայն այս անհրաժեշտ ընթացակարգի վերացման հետ մեկտեղ գինը չի իջել նախկին մակարդակին, այլ նվազել է ընդամենը 10 լարիով։

Նշենք, որ թանկացել է ոչ միայն Ախալքալաքից Թբիլիսի հասարակական տրանսպորտի արժեքը։ Ուղևորափոխադրումը մինչև Ախալցիխե 6 լարիից հասել է մինչև 10 լարի, իսկ Ախալքալաքից Բաթումի կարելի է հասնել 35 լարիով՝ նախկին 30 լարիի փոխարեն։