Ախալքալաքի Սակրեբուլոն որոշում ընդունեց Աուդիտի պետական ծառայության կողմից Ախալքալաքում հայտնաբերված խախտումների վերացման համար առաջարկություններով դիմել Քաղաքապետարանին: Վերջինս մեկ ամիս ժամանակ ունի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և այդ մասին տեղեկացնելու:
Մարտի 13-ին Ախալքալաքի Սակրեբուլոն քննարկեց, ապա Ժողովի նիստի հաստատմանը ներկայացրեց Վրաստանի Պետական աուդիտի ծառայության կողմից արձանագրված խախտումների փաթեթը: Սակրեբուլոն Աուդիտի ներկայացրած հանձնարարականները գրեթե նույնությամբ վերահասցեագրեց Քաղաքապետարանին:
Նշենք, որ Աուդիտի ծառայությունը վերջերս հրապարակել էր 2015-2016 թվականների զեկույցը, որը բազմաթիվ խախտումներ է գրանցել Ախալքալաքի Սակրեբուլոյի և Գամգեոբայի իրականացրած աշխատանքներում:
Սակրեբուլոյի պատգամավորների ծախսերի համար հատկացված գումարը չպետք է գերազանցի Սակրեբուլոյի նախագահի աշխատավարձի 15 տոկոսը, որը կազմում է 397,5 լարի: Սակայն պատգամավորները 400 լարի են ստացել: Ինչը խախտում է:
2015-2016 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 3 միլիոն 687 հազար 100 լարի, որից 852 հազար 400 լարին հավելավճարներ են:
Աուդիտի ծառայությունը Ախալքալաքի տեղական իշխանությանը կոչ է անում պարգևավճարների կանոնակարգ մշակել, իսկ Սակրեբուլոն Քաղաքապետարանին առաջարկում է աշխատողների վարձատրման և խրախուսման ձև մշակել:
«Նպատակն է հանրային հիմնարկում աշխատակիցների մոտիվացիայի բարձրացումը, ինչպես նաև զբաղվածության շուկայում մրցակցության խրախուսումն ու շրջանում որակյալ կադրերի ներգրավումն ու պահպանումը»,- կարդում ենք Ախալքալաքի Սակրեբուլոյի որոշման մեջ:
Էլեկտրոնային մրցույթների անցկացման թափանցիկությունն ու հավասարության սկզբունքները պահպանելու համար Ախալքալաքի Սակրեբուլոն դիմում է անձամբ քաղաքապետին: Իսկ քաղաքապետարանին կոչ է անում, արդեն ֆիքսված խախտումների համար պատասխանատվության ենթարկել պատասխանատու անձանց:
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային նախագծերին, երաշխիքային ժամանակահատվածում առաջացած թերությունների վերացման համար Քաղաքապետարանը պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերի պատասխանատու անձանց նկատմամբ և իրականացնի օրենսդրությամբ նախատեսված խիստ միջոցառումներ:
«Քաղաքապետը 1 ամսվա ընթացքում ներկայացնի տեղեկատվություն՝ Աուդիտի զեկույցում հայտնաբերված խախտում-թերությունների վերացման վերաբերյալ կատարված համապատասխան միջոցառումների մասին»,- կարդում ենք Սակրեբուլոյի որոշման մեջ:
Վրաստանի պետական աուդիտի կողմից գրանցած Ախալքալաքում արձանագրված բազմաթիվ խախտումների պատճառով կգտնվեն մարդիկ, որոնք պատասխանատվության կենթարկվեն, կլինեն պաշտոնանկություններ, թե մարդիկ կշարունակեն խելոք ու հանգիստ աշխատել, կարծես ոչինչ էլ չի եղել, պարզ կլինի առաջիկայում։
Աղունիկ Այվազյան