Ախալքալաքի Ազատության (Թավիսուփլեբա) փողոցի կետրոնական հրապարակից մինչև ագրարային շուկա ընկած հատվածում ընթանում են շենքերի արտաքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ: Ինչպես նաև այս հատվածում նախատեսվում է նոր ծառեր տնկում հների փոխարեն, սիմետրիկ և ամբողջ երկայնքով:
2021 թվականի հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում:
Ազատության փողոցի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր աշխատանքներ։ Հրապարակից ներքև մայթերի վերանորոգման աշխատանքներ են, իսկ հակառակ ուղղությամբ՝ շենքերի պատերի հարդարման աշխատանքներ։
Ազատության փողոցի ներքևի հատվածում, շուկայի հարակից տարածքում էլ բնակելի բարձրահարկ շենքերի ճակատային հատվածի հարդարման աշխատանքներ են, որոնք սկսվել են օգոստոսի 11-ին, ինչի համար էլ փողոցը հաճախակի են փակում երթևեկության համար։
Հարդարման աշխատանքների հետ մեկտեղ քաղաքապետարանի նախաձեռնությամբ, որոշվում է կայացվել նաև կանաչապատել տարածքը։ Հները փոխարինվելու են նորերով՝ ցրտադիմացկուն, ոչ շատ բարձր ծառերով:
Քաղաքապետարանից հայտնում են, որ մի կողմից հին ծառերից շատերն արդեն չորացած են և հատման ենթակա, իսկ մյուս կողմից, այս նախաձեռնությունը պետք է, որ քաղաքի կենտրոնական հատվածը գեղեցկացնի, քանի որ դրանք տնկվելու են հավասար շարքով և լինելու են սիմետրիկ: Ինչ ծառ կտնկվի դեռ պարզ չէ, դեռևս ուսումնասիրություն է կատարվում, կընտրվեն շրջանի կլիմայական պայմաններին համապատասխան, այսինքն՝ ցրտադիմացկուն ծառեր։ Ինչպես նաև ծառատունկ է իրականացվելու ոչ միայն կենտրոնական մասում, այլ նաև ամբողջ քաղաքում։