Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվում է խոտհունձի սեզոնը, և ընթացքի մեջ է հացահատկային մշակաբույսերի բերքահավաքը: Հողագործները դժգոհում են, որ եղանակի պատճառով այս տարի հացահատկային մշակաբույսերի բերքը նախորդ տարվա համեմատ երկու անգամ քիչ է:
Նախորդ տարիների համեմատ հացահատիկայինների բերքատվությունը միջինից ցածր է: Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների կանխատեսումների համաձայն՝ հացահատկային մշակաբույսերի գինը կկազմի 60-65 թեթրի:
«Անցած տարվա համեմատ ցորենն ու գարին ստացել ենք երկու անգամ քիչ, անցյալ տարի հացահատիկային կուլտուրաների համար բարենպաստ եղանակ էր, իսկ այս տարի, ընդհակառակը՝ վատ եղանակի պատճառով վատ բերք ենք ստացել», – ասում է Վարազդատը՝ Չամդուրա գյուղի բնակիչը:
Վարազդատը Կուլիկամ գյուղում վարձակալում է հողեր և վարձը վճարում ցորենով: Վաճառում են այն, ինչը մնում է, իսկ ցածր բերքատվության պայմաններում նա վախենում է, որ վաճառքի համար ոչինչ չի մնա:
Հողագործներն ասում են, որ ցորենի ցածր բերքատվության պատճառն է հանդիսացել գարնանային կարկուտը:
Ախալքալաքում ցորենն ու վարսակը հիմնականում օգտագործվում են որպես անասնակեր: Մի փոքր մասը վաճառում են ջրաղացներին:
«Չնայած այն բանին, որ այս տարի հացահատիկի բերքատվությունն ավելի ցածր է, ես գնել եմ ոչ այնքան թանկ՝ 60 թեթրիով», – ասում է Մարո Սարյանը:
Հնձած խոտի քանակը շատ է անհանգստացնում Ախալքալաքի շրջանի բնակիչներին: Սովորական գյուղացին մեծապես կախված է իր դաշտերից: Եթե քիչ լինի խոտը, մարդիկ ստիպված կլինեն գնել՝ ձմռանը անասուններին կերակրելու համար: Խոտի մոտավոր գինն, ըստ հողագործների կանխատեսումների, մեկ տուկի համար կլինի ավելի քան 6 լարի:
«Ես հնձել եմ 1 հա հողատարածք, մեկ հեկտարից դուրս է եկել 55 տուկ, ես այս տարի տակ եմ տվել», – ասում է Արմենը՝ Կարտիկամ գյուղի բնակիչը:
Անցյալ տարի Արմենը 85 տուկ էր ստացել նույն հողամասից: Այս տարի նա ստիպված է խոտ գնել, որպեսզի ձմռանը իր կովերին կերակրի:
Նույն գյուղի մեկ այլ բնակչի խոսքով, նա պատրաստվում է կովերը վաճառել:
«Ինձ պետք է առնվազն 100 տուկ գնել՝ կովերին կերակրելու համար, իսկ տուկն արժե 6-7 լարի, ես ավելի լավ է վաճառեմ կովերին և այդ գումարով գնեմ թե պանիր և թե կաթ», – ասում է Կարտիկամ գյուղի բնակիչը:
Բրատիսլավ Իգիթխանյան