Մարտի 23-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունն անցկացրել է տեղեկատվական հանդիպում բնակչության հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Բուղաշենի բնակիչները, ովքեր նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, այնուհետև առաջադրել իրենց հետաքրքրող հարցերը։

«Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» նախագիծն իրականացվում է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից՝ գյուղերի բնակչությանը օգնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որտեղ խնդիրներն ամենաշատն են։

Բուղաշենում «Բաց սահմաններ» կազմակերպության ներկայացուցիչները բնակչությանն իրազեկել են, ինչպես օգտվել պետական տարբեր ծառայություններից, որոնք իրականցավում են տարբեր նախագծերի միջոցով:

bnakichner

Այնուհետև գյուղացիները ներկայացրել են գյուղում եղած արդի խնդիրները:

Բնակիչների համար խնդիր է այն, որ չեն կարողանում իրացնել բերքը։ Բուղաշենն այն գյուղերի թվին է պատկանում, որտեղ վարելահողերը քիչ են, այսինքն՝ այստղ հնարավորություն չունեն մեծ հեկտարներով կարտոֆիլ մշակելու, իսկ ստացած բերքը չեն կարողանում վաճառել։

Գյուղին չեն բավականացնում աղբամանները,ընդամենը 3 աղբաման է տեղադրված, ըստ գյուղացիների՝ նվազագույնը ևս 4 աղբաման է անհրաժեշտ։

Երիտասարդներին հուզող հիմնական խնդիրն այն է, որ չունեն զբաղմունքի վայր և ցանկանում են գոնե վոլեյբոլի դաշտ ունենալ։

aghjikner

Նշենք, որ շրջանի գյուղերում «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 23-ին։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Խավեթ, Էրինջա, Բոզալի, Օլավերդ և Բուղաշեն գյուղերում, որոնք շարունակական բնույթ կկրեն։

Բուղաշեն գյուղում հանդիպումն անցկացրել են Jnews-ի լրագրող Գայանե Ակոջյանը և «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության տնօրեն և Ջավախքի լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Ռիմա Ղարիբյանը: