Ախալքալաքի մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում հասարակական տրանսպորտի խնդիր կա: Որոշ գյուղերում ընդհանրապես հասարակական տրանսպորտ չի աշխատում կամ աշխատում է ոչ կանոնավոր կերպով: Ինչը շատ դեպքերում արգելք է հանդիսանում երիտասարդների համար, որոնք ցանկանում են հաճախել քաղաքում գործող կրթամշակութային տարբեր կենտրոններ, ծրագրերի կամ որևէ դասընթացի։

Ճիշտ է՝ Ախալքալաքի որոշ գյուղերում աշխատում է հանրային տրանսպորտ, սակայն օրվա ընթացքում մեկ անգամ՝ առավոտյան ժամը 09։00-ից դուրս է գալիս գյուղերից և կեսօրին ժամը 13։30-ի սահմաններում քաղաքից հետ է վերադառնում:

Մի հանրային տրանսպորտն անցնում է մոտ չորս գյուղով, հավաքում բնակիչներին և հասցնում քաղաք։

Խնդիրը կայանում է նրանում, որ հասարակական տրանսպորտը որևէ պետական օրենքով չի կարգավորվում: Այն մասնավորին է պատկանում և վարորդը սեփական հայեցողությամբ կարող է մի օր աշխատել, երկու օր չաշխատել: Վատագույն դեպքում հիվանդանա, ապա տրանսպորտի հույսին քաղաք գնացողներն այդպես էլ տեղ չեն հասնի: Դեպքեր են լինում նաև, որ օրինակ վարորդը տարաձայնություն է ունենում ուղևորի հետ և նրան չի նստեցնում:

Սամցխե-Ջավախեթիի պետական համալասարանի Ախալքալաքի մասնաճյուղում սովորող ուսանողները հիմնական գյուղերից են: Հանրային տրանսպորտի բացակայության պատճառով ուսանողների մեծամասնությունը ստիպված քաղաքում վարձակալությամբ են ապրում:

Օրինակ. Խուլգումո գյուղում չկա հանրային տրանսպորտ, սակայն բնակիչները կարծես թե այդքան էլ կարևորություն չեն տալիս դրան, քանի որ գյուղը քաղաքին կապող կամուրջ ունեն, և կես ժամում ոտքով կարող են հեշտությամբ քաղաք հասնել:

Գոգաշեն, Չունչխա, Քարսեպ, Ափնիա, Հոկամ, Ազմանա գյուղերից ինչ-որ տեղ գնալու միակ տարբերակը տաքսի կանչելն է կամ սեփական մեքենայով գնալը: Ինչի պատճառով երեխաներն ընդհանրապես կտրված են քաղաքից:

Ազմանա գյուղի մասնագետ Ամիրան Մելաձեն ասում է՝ գյուղում հանրային տրանսպորտի պահանջարկը մեծ է:

«Հանրային տրանսպորտի պահանջը գյուղում կա, միայն ես չեմ ասում, դա նաև բնակիչներն են ասում», – ասում է նա:

Ամիրանը նաև նշում է, որ որոշ դեպքերում, երբ երեխաները ակտիվություն չեն ցուցաբերում, կախված է նրանից, որ չեն կարող ամեն անգամ տաքսի վարձել քաղաք հասնելու համար։ Մասնագետն ասում է, կարելի է սկսել օրական գոնե մեկ անգամով, հետո ըստ պահանջի՝ ավելացնել:

Նույն խնդիրն է ծառացած նաև հեռավոր գյուղերում, օրինակ՝ Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղում:

«Մեր մոտ հանրային տրանսպորտն աշխատում է երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին լինում է Ախալքալաքում և երեկոյան ժամը 7-ին հետ է վերադառնում գյուղ: Չորեքշաբթի օրը առավոտյան ժամը 10։00-ին գյուղից դուրս է գալիս և ամենաուշը ժամը 14։00-ին վերադառնում։ Ահավոր դժվար է, մեր գյուղից մինչև Ախալքալաք 40 կմ է։ Եթե մեր սեփական մեքենաներով էլ գանք, նվազագույնը 50 լարի պետք է, որ բենզին լցնենք», – ասում է Տաբածղուրի գյուղի բնակիչ Արմենուհի Մուրադյանը:

Արմենուհին Տաբածղուրի գյուղի ակտիվ երիտասարդներից է, սակայն շատ հաճախ հանրային տրանսպորտի բացակայության պատճառով չի կարող մասնակցել:

Ռայա Բալասանյանն էլ Կաջո գյուղից է, այստեղ նույնպես երթուղայինը գյուղից դուրս է գալիս առավոտյան ժամը 8։30-ին, իսկ քաղաքից՝ 13։00-ին: Բնակիչները բողոքում են, որ ժամանակը չի բավականացնում, գրեթե ոչ մի գործ չեն հասցնում ավարտին հասցնել:

«Մեր մոտից ուսանողներ կան, ովքեր քաղաքում են մնում, ուրիշ կերպ չեն կարող, քանի որ դասերից հետո տրանսպորտ չկա», – ասում է Ռայան։