Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղը հեռավոր գյուղերից է։ Գյուղացիները բազմաթիվ խնդիրներ ունեն։ «Բաց սահմաններ» կազմակերպությունն այցելեց գյուղ, բնակչությանը տեղեկացրեց քաղաքացիներին անհրաժեշտ պետական ​​և մասնավոր ծառայությունների մասին, քննարկեց նաև գյուղի խնդիրները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում բնակչության հետ, բնակչությանն Ախալքալաքում առկա ծառայություններից օգտվելու, խնդիրների վերհանման և դրանց լուծման համար փաստաբանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Այդ նպատակով «Բաց սահմաններն» այցելեցին Օլավերդ գյուղ, որը գտնվում է Աբուլ լեռան ստորոտին:

Օլավերդ գյուղում հանդիպումն անցկացրեցին են «Բաց սահմաններ» ՀԿ-ի համահիմնադիր և Jnews-ի լրագրող Շուշան Շիրինյանը և «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն և Ջավախքի տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։

olaver

Հանդիպմանը հիմնականում մասնակցում էին երիտասարդները։ Օլավերդն առաջինն էր այն երեք գյուղերից, որտեղ, այս ծրագրի շրջանակներում, հանդիպումներին մասնակցում էին նաև կանայք։ Նրանք շատ ակտիվ էին, խոսում էին իրենց խնդիրների մասին։

Ներկաները տեղեկացվեցին տարբեր պետական ​​և մասնավոր ծառայությունների մասին։ Տեղեկատվության ներկայացմանը զուգահեռ քննարկվեցին նաև գյուղի խնդիրները։

Օլավերդ գյուղի երիտասարդ մայրերը խիստ անհանգստացած են, որ իրենց գյուղում մանկապարտեզ չկա։ Ճիշտ է, գյուղից 14 երեխա տեղական բյուջեի հաշվին տեղափոխվում է Բարալեթ գյուղի մանկապարտեզ, սակայն գյուղում մանկապարտեզի տարիքի երեխաներն ավելի շատ են, և տեղափոխման հետ կապված խնդիրներ կան։ Ծնողները յուրաքանչյուր երեխայի համար վճարում են ամսական 30 լարի, որպեսզի նրանց տրանսպորտի մեջ հետևեն։

olaverd1

Մասնակիցներին հետաքրքրում էին քաղաքացիություն ստանալու և վերականգնելու, հողի գրանցման, կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները։ Օլավերդում մտահոգիչ է հողերի գրանցման հարցը, բնակիչներին հետաքրքրում էր, թե ինչպես է ընթանում հողերի գրանցման գործընթացը մյուս գյուղերում։

Գյուղի բնակչությանը մտահոգում է նաև Օլավերդ գյուղում հասարակական տրանսպորտի բացակայությունը, քանի որ տրանսպորտի բացակայության պատճառով շատերը չեն կարողանում լիարժեք օգտվել պետական ​​և այլ ծառայություններից։

okaverd2

Օլավերդ գյուղի բնակիչներին հետաքրքրում էր նաև գյուղում բուժկետ բացելու հարցը։ Գյուղն ունի բուժքույր և բժիշկ, բայց ամբուլատորիա չկա։ Երիտասարդներին հետաքրքրում էին գյուղատնտեսական պետական ​​ծրագրերն ու բիզնեսի աջակցության ծրագրերը։

Օլավերդ գյուղում ապրում է մոտ 150 ընտանիք։ Գյուղը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղացիները քիչ գյուղատնտեսական հողեր ունեն, ուստի կարտոֆիլագործությունն այստեղ այնքան զարգացած չէ, որքան մունիցիպալիտետի մյուս գյուղերում։ Սակայն, անասնաբուծության մեջ ևս շատ խնդիրներ կան։ Այս պահին գյուղացիները կարտոֆիլը դեռ չեն վաճառել, կաթի լիտրը վաճառում են 1,50 լարիով։ Գինը չի գոհացնում անասնապահներին։ Օլավերդ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ խմելու ջրի, արոտավայրերի, ճանապարհների եւ այլն։

«Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից՝ գյուղերի բնակչությանը օգնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որոնք ունեն ամենաշատ խնդիրները։ Մինչ Օլավերդի բնակչության հետ հանդիպելը Jnews-ն ուսումնասիրել է գյուղի խնդիրները։ Տեղեկատվական հանդիպման հիմնական նպատակը ոչ միայն բնակչությանն իրազեկելն է, որպեսզի նրանք կարողանան օգտվել տարբեր ծառայություններից, այլեւ լսել նրանց ու պարզել նրանց խնդիրները։ Ծրագրի շրջանակներում կայացել է 4 հանդիպում, նախատեսվում է ևս 6 հանդիպում։