Հուլիսի 5-ին, 25 տարի առաջ գտնված Խաչքարի պատվին Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում անցկացվեց ֆուտբոլային մրցաշար:
Ինչպես պատմում են գյուղացիները, երբ նույն գյուղի տրակտորիստը պատահաբար իր վրա բենզին է լցրել և սկսել այրվել, նա վազել է: Վազելիս նրա ոտքը քարի է դիպել և ընկել է, ու ինքն իրեն ասել է, եթե կենդանի մնա, մատաղ կանի: Տրակտորիստը ողջ է մնացել, իսկ հետո, նա գնացել է այդ նույն վայրը և գտել է Խաչքար:
Դրանից հետո այս Խաչքարը ամբողջ գյուղով հողից հանել են և տեղադրել որպես հուշարձան:Այդ դեպքից հետո, հուլիսի առաջին շաբաթը Մուրաջեթ գյուղում նշվում է Խաչքարի օր, գյուղում երգ ու պարով տոնախմբություն են կազմակերպում:
Քանի որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով զանգվածային տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, գյուղում տոնը նշվել է ֆուտբոլային մրցաշարով:
Մասնակցել են տարբեր գյուղերի 30 թիմ: Մրցաշարը տևել է երեք օր: Հաղթել է Մուրջախեթ գյուղի թիմը, երկրորդ տեղը գրավել են Գումբուրդո գյուղի ֆուտբոլիստները, իսկ երրորդ տեղը՝ Դադեշ գյուղի ֆուտբոլիստները:
Բոլոր հաղթողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով: