Մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ մեքենայի այրման դեպքն է գրանցվում Ախալքալաքում։ Այսօր, օգոստոսի 8-ի առավոտյան ինքնահրդեհվել է Mercedes մակնիշի մեքենան Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում:
Այսօր առավոտյան Օլավերդում գյուղի բնակիչը ընտանիքի անդամների հետ, 5 հոգով Mercedes մակնիշի մեքենայով ուղևորվել է դեպի Ախալքալաք: Մեքենայի շարժիչը աշխատում է հիբրիդային համակարգով, գազով և բենզինով: Մեքենան շարժվել է գազով: Ներկաների խոսքով, ճանապարհին, Գոման գյուղում մեքենայի գազը վերջացել է, վարորդը բենզին է լցրել, մինչև բենզինի տարրաները տարել ու վերադարձել է, նկատել է, որ մեքենայից ծուխ է բարձրանում: Ուղևորներին, այդ թվում երկու երեխաներին իջեցրել է մեքենայից, որից հետո կրակ է բռնկվել: Ներկաները հրշեջ ծառայություն են կանչել, սակայն մինչ հրշեջների գալը գյուղացիների օգնությամբ կրակը հանգեցրել են։
Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև օգոստոսի 3-ին, Ախալքալաք-Բավրա ճանապարհին ինքնաբռնկվել էր մեկ այլ մեքենա: Երկու դեպքում էլ տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաների անվտանգ լինելու հարցն ակնհայտ է, չնայած, որ դրանք անցնում են ամենամյա տեխզննում: