Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է դիմել «լայնածավալ ուժի կիրառման» ինչպես երկրի ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Պաշտոնական Երևանի դիտարկմամբ՝ «տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերները» պետք է գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Նախօրեին վարչապետ Փաշինյանն էր հայտարարել՝ Բաքուն փորձում է «տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ» դարձնել այն պնդումները, թե Հայաստանը, իբր, բանակ ունի ԼՂ-ում և ռազմական փոխադրումներ է իրականացնում։
JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ և փորձել հասկանալ՝ որքանո՞վ է հավանական նոր էսկալացիան, կա՞ն արդյոք զսպող հանգամանքներ Բաքվի համար։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքն է։ Ասում է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո էլ, հիմա էլ նոր էսկալացիայի հավանականությունը շատ բարձր է։ Մյուս կողմից նկատում է՝ երեք տարի առաջվա և այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները տարբեր են, մասնավորապես՝
«Հավանականություն միշտ կա, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն, որովհետև խաղաղության պայմանագիր չկա, և Ադրբեջանը չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից, բայց այդ ռիսկերն անհամեմատ ավելի ցածր են, քան 2021 թ․-ին և 2022 թ․-ին»,- հայտարարել է նա։
Քաղաքագետն ավելի հավանական է համարում ԼՂ-ի նկատմամբ որևէ ռազմական գործողության իրականացումը։
«Կարող են նաև խաղարկային սցենար կատարել, թե իբր ՀՀ տարածքից պատասխան հարված է եղել, դա պատրվակ դարձնեն և հարվածեն նաև Հայաստանի ինքնիշխան տարածքին»,- ընդգծել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ դժվար թե ադրբեջանական կողմը ցանկանա հակառակ ընթանալ քաղաքակիրթ աշխարհի ուղղությանը։ Պատահական չի համարում այն, որ վերջերս Երևանում էր ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը, ով այցելեց նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս, այստեղ և Սյունիք այց էր կատարել նաև ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը։ Շեշտում է՝ նման այցերն ու պաշտոնյաների ելույթները հաշվարկված են, դա հենց «եվրոպական քաղաքականությունն» է, որի թիկունքին կանգնած է Միացյալ Նահանգները՝ իր ամբողջ պոտենցիալով։
Սիմոնյանի խոսքով՝ ԱՄՆ-ն, Եվրոպան և Իրանը զսպող հանգամանքներ կարող են լինել Բաքվի համար։ Կարծում է՝ այս նույն երկրները հնարավոր էսկալացիան անհետևանք չեն թողնի։
«Ադրբեջանին կարող են տալ անգամ ահաբեկչությանը խթանող, սպասարկող պետության կարգավիճակ այնպես, ինչպես Ռուսաստանին են տվել։ Լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, Հայաստանին օժանդակել ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ գերժամանակակից։ Եվ շատ-շատ այլ հետևանքներ, որոնց «տակից դուրս գալը» այդքան հեշտ չի լինի»,- շեշտել է նա։
Քաղաքագետն ասում է՝ հայկական կողմը դժվար կացության մեջ է, բայց պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները «զբոսնելով չեն գալու և ինչ ուզեն, անեն»․
«Նրանք ավելի շատ շանտաժի լեզվով՝ ատրճանակը մեզ վրա պահած ինչ-որ առավելապաշտական նպատակներ կորզելու քաղաքականություն են իրականացնում, քան ռեալ հարձակվելու»։
Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե հարձակվեցին, նրանց հեշտ օրեր չեն սպասվում, Հայաստանին՝ նույնպես։ Չի կարծում, թե այդ պարագայում Բաքուն «վերջնարդյունքում կշահի»։