Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, 543 տարի անց կարողացավ վերականգնել պետականությունը:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:
Առաջին Հանրապետությունը ստեղծվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում՝ երկիրը լի էր ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով, սով էր, տրանսպորտային ուղիների շրջափակում։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1968 թվականին: