Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ինչպես նաև շեշտել՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։
Հաղորդվում է, որ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է նաև ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումն ու վերահաստատել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավվելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդիպման մասին մանրամասներ դեռ չի հաղորդել։
Բանակցությունների մեկնարկին ելույթ էր ունեցել միայն ԱՄՆ պետքարտուղարը՝ գոհունակություն հայտնելով, որ անցած շաբաթ սկսված բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։
«Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ինձ հետ հեռախոսազրույցներում ասացին, որ պատրաստ են խաղաղության», – ասաց Էնթոնի Բլինքենը, հավելելով՝ «ամուր, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար»։
Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր անցած շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր։ Հայկական կողմը հայտարարել է 207 զոհված կամ անհետ կորած անձանց, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լուծումը տարբերակ չէ, փոխարենը կա ճանապարհ, որը տանում է կայուն խաղաղության», – ասաց ԱՄՆ պետքարտուղարը։
«Մենք միշտ բաց ենք հանդիպումների համար», – ըստ Associated Press-ի` ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը նաև պնդել է, թե Բաքուն «գոհ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից»։
Ըստ լրատվամիջոցների, եռակողմ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։