Չնայած այն հանգամանքին, որ Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերում բազմաթիվ ընտանիքներ են ապրում, այստեղ երեխաների համար բարեկարգ և անվտանգ խաղալու տեղ չկա։ Տեղի իշխանությունները խոստանում են, որ այս հարցը կվերանայեն հաջորդ տարի:

Աղմաշենեբելիի բարձրահարկ շենքերի տարածքում նախկինում կար տեղ, որտեղ ծնողներն իրենց երեխաներին տանում էին ճոճորվելու, թեև դրանք հին էին ու ժանգոտած, նաև դեռահասներն այդտեղ ֆուտբոլ էին խաղում։ Մի մեծ դաշտ կա այնտեղ, որտեղ հին սովետական ճոճանակներ ու զույգ մարզափայտեր կան, այս դաշտի մի մասը սարքել են մարզադաշտ, որտեղ երեխաները հիմա չեն ուզում խաղալ, քանի որ փոշի է բարձրանում խաղալիս։ Կոտրված, ծռված ճոճանակները «սուզվել են» բույսերի մեջ։

«Մենք այնքան էլ չենք սիրում այնտեղ խաղալ, հող է, փոշի, ամեն ինչ խոտի մեջ է: Այնտեղ խաղալն անվտանգ չէ, ծածկույթը հանված է, եթե ընկնես, կկոտրես կամ ոտքդ, կամ ձեռքդ։ Եթե նորմալ խաղահրապարակ լիներ, վատ չէր լինի։ Մենք ընկերներով խաղալու տեղ չունենք»,- մարզահրապարակի ու մանկական խաղահրապարակի մասին ասում է Աղմաշենեբելիի թիվ 18 շենքի 10-ամյա բնակիչը։

stadion

Ploshadka

Որոշ բնակիչների կարծիքով՝ այստեղ անհրաժեշտ է հանգստի գոտի՝ զուգորդված մանկական խաղահրապարակով, քանի որ քաղաքի կենտրոնը, որտեղ զբոսայգին է գտնվում, հեռու է։

«Այստեղ այնքան մարդ է ապրում, բայց չկան այնպիսի վայրեր, որտեղ երեխաները կարող են խաղալ, իսկ ծնողները նստել մաքուր օդ շնչել: Ահա, տեսեք ինչպե՞ս կարող ես այստեղ նստել: Երեխաները, իհարկե, ստիպված գալիս են, բայց ճոճանակներն անվտանգ չեն, իսկ ֆուտբոլի դաշտը փաստացի բետոն է։ Իհարկե, կուզենայի, որ մենք էլ նորմալ խաղահրապարակ ունենայինք երեխաների ու մեծերի համար»,- ասում է թիվ 4 տան բնակչուհի Մարիաննա Մինասյանը։

Ploshadka 5

kacheli

Խաղահրապարակին կից շենքի բնակիչ Սաթի Մակարյանն ասում է, որ մեկ անգամ որոշել են այս տեղանքը կարգավորել, նույնիսկ ծառ են տնկել, բայց այսօր նույն վիճակն է, ինչ լուսանկարում եք տեսնում:

«Այս տեղը պետք է ցանկապատել, որ թափառող շները չմտնեն, որ այս վայրն անվտանգ լինի երեխաների համար: Մենք փորձեր արել էինք այս վայրը կարգի բերելու համար, նույնիսկ ծառ էինք տնկել, բայց հետո չգիտեմ, թե ինչ եղավ։ Մեզ մոտ շատ երեխաներ կան, հարեւան տներից էլ են գալիս խաղալու»,- ասում է Սաթին։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոքր մարզադաշտի վերականգնումը նախատեսված էր այս տարի, սակայն շենքերի բնակիչները բողոք են գրել, որ մարզադաշտում բղավում են, անվայելուչ խոսքեր ասում միմյանց, դրա համար բնակիչները խնդրել են մարզադաշտը չվերանորոգել:

«Մենք միջոցներ էինք տրամադրել մարզահրապարակների վերականգնման համար։ Այս մարզադաշտը դրանցից մեկն էր։ Բայց բնակիչներից դիմում ենք ստացել: 10-15 հոգի եկել էին ու խնդրում, որ այս մարզադաշտը չվերականգնվի։ Նրանք մեզ դիմել էին պաշտոնական հայտարարությամբ, քանի որ երբ մարզադաշտը լավ վիճակում էր, շատ աղմկոտ էր, ու բացի այդ, խաղալու էին գալիս այնպիսի մարդիկ, ովքեր անպարկեշտ արտահայտություններ էին իրենց թույլ տալիս։ Ուստի որոշվել է չվերականգնել մարզադաշտը»,- պարզաբանում է Ախալքալաքի քաղաքապետը:

Ploshadka 6

Մարզադաշտի փոխարեն հնարավոր է հանգստի նոր վայր կառուցվի։

«Ինչ վերաբերում է խաղահրապարակին, ապա մենք պետք է նոր նախագիծ կազմենք, իսկ դրա համար դեռ ժամանակ չենք ունեցել։ Եթե այս տարի հաջողվի, այս տարի կնախագծենք, եթե ոչ, ապա հաջորդ տարի, նման ծրագրեր ունենք։ Տարածքը ուսումնասիրել եմ, կարելի է փոքր մարզադաշտ չթողնել, այլ կառուցել մի վայր, որտեղ մարդիկ կարող են գալ իրենց երեխաների հետ, ինչ-որ ժամանակակից մի բան»,- ասում է Մելքոն Մակարյանը։