Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը և դրանով իսկ օրակարգից հանել այն։
Մեկ պատգամավոր այնուամենայնիվ «կողմ» է քվեարկել, 35-ը՝ «դեմ»։
Առաջին ընթերցման ժամանակ՝ երեք օր առաջ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը ընդունվել էր 76 կողմ ձայնով։ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են հատուկ ջոկատայինների հետ բախումների, և իշխող կուսակցությունը հայտարարել է, որ հետ է կանչում նախագիծը՝ երկրում հասարակական խաղաղությունը պահպանելու համար։
Արդյունքում օրինագիծը կրկին դրվեց քվեարկության, որը խորհրդարանական մեծամասնությունը խոստացավ տապալել՝ գործող կարգավորումներով օրինագիծը չեղարկելու միակ միջոցը սա էր։
Միակ պատգամավորը, ով թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, «Վրացական երազանքի» առաջնորդներից Դավիթ Սամխարաձեն է։
Ցուցակներն ուսումնասիրելուց հետո պարզվել է նաև, որ օրինագիծը տապալվել է ընդդիմության ձայներով։ Իշխող կուսակցությունից պատգամավորների հիմնական մասն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, գրում է Netgazeti-ն։
Խորհրդարանի քննարկման փուլում էր նաև օրենքի նախագծի երկրորդ տարբերակը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» վերնագրով։ Քանի որ նրանք ընդհանրապես չեն հասցրել այն քվեարկության դնելու, այն հետ էր կանչվել նախաձեռնող «Ժողովրդի ուժ» շարժման կողմից։
«Ժողովրդի ուժը» շարժման անդամները, որոնք պաշտոնապես հայտարարել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս գալու մասին, նախկինում խորհրդարան էին ներկայացրել երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել էին արագացված ռեժիմով՝ մարտի 7-ին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել «Վրացական երազանք» կուսակցությունից եւ «Ժողովրդի ուժը» շարժումից 76 պատգամավոր։
Օրենքի երկրորդ նախագիծը նախատեսվում էր քվեարկության դնել մարտի 9-ին, սակայն պլանները չեղարկվեցին զանգվածային բողոքի ցույցերի և Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների և հատուկ ջոկատայինների միջև բախումների ֆոնին։
Վրացական ընդդիմության ներկայացուցիչներ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և լրագրողներ համարում են, որ վրացական իշխանությունները ցանկանում էին որդեգրել «օտարերկրյա գործակալների» դեմ պայքարի ռուսական փորձը և երկրում ստեղծել ռեպրեսիվ մեխանիզմ։
Բրյուսելից նախազգուշացրել էին, որ նման օրենքների ընդունումը անհամատեղելի է Եվրամիության նորմերի ու արժեքների , ինչպես նաև Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին տրված հանձնարարականների կատարման հետ։