Վրաստանում ընթանում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման աստիճանաբար արգելելու գործընթացը: Դրան զուգահեռ՝ Գորիում սկսել են բիոդեգրադացվող (տարրալուծվող) նյութերից մեկանգամյա օգտագործման սպասքի արտադրությունը:
Մասնավորապես, այս արտադրանքը սկսում է թողարկել «Eco Georgia» ընկերությունը, որը ֆինանսավորվել է «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում:
Ինչպես հայտնել են ընկերությունից, ներկայումս ընկերության ղեկավարությունը սպասում է սարքավորումների մատակարարման մեկնարկին, որոնք կտեղադրվեն ձեռնարկությունում: Այս գործընթացը կավարտվի օգոստոսին, արտադրությունը կսկսվի արդեն սեպտեմբերին:
Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանում տոպրակների պահանջարկը շատ մեծ է, իսկ պոլիէթիլենն աստիճանաբար դուրս կգա կիրառումից, «Eco Georgia» ընկերությունը մտադիր է ամբողջությամբ բավարարել տարրալուծվող նյութերից տոպրակների պահանջարկը:
«Այլ ելք չկա, քանի որ պոլիէթիլենային տոպրակներն արգելվել են, և ժամանակի ընթացքում դրանք ամբողջովին կհանվեն շրջանառությունից: Այս դեպքում գոյություն ունի երկու տարբերակ՝ թուղթը կամ բիոդեգրադացվող նյութերը: Թուղթը ունի զգալի թերություններ՝ առաջին հերթին, այն թանկ է, և երկրորդ՝ խոնավ մթերքների համար այն այդքան էլ հարմար չէ, քանի որ խոնավությունը քայքայում է այն: Բիոդեգրադացվող նյութերից տոպրակները 2 անգամ ավելի էժան են, քան թղթե տոպրակները, ինչը շատ կարևոր է բնակչության և բիզնեսի համար: Սրանք էկոլոգիապես մաքուր տոպրակներ են, արագորեն քայքայվում են հողի հետ փոխազդեցությունից, հետևաբար, վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար: Հիմնականում բիոդեգրադացվող նյութերը բաղկացած են օսլայից», – հայտարարել է ընկերության խոսնակ Գիորգի Դավիթաիան:
Նախագծի առաջին մասը նախատեսում է պոլիէթիլենային տոպրակների փոխարինումը, երկրորդը` պլաստիկ մեկանգամյա օգտագործման սպասքի փոխարինումը` ափսեներ, բաժակներ և այլն, որոնք լայնորեն օգտագործվում են Վրաստանում, բայց և վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Ապագայում ընկերությունը նախատեսում է դուրս գալ արտահանման շուկաներ:
«Առաջին փուլում մենք մտադիր ենք կենտրոնանալ ներքին շուկայի վրա, քանի որ մեր արտադրանքի պահանջարկը կլինի շատ մեծ: Ապագայում մենք մտադիր ենք մուտք գործել արտահանման շուկաներ, և դրանում մեզ կօգնեն մեր արտասահմանյան գործընկերները, ովքեր արդեն փորձ ունեն այս ոլորտում: Տեղական շուկայում պահանջարկը բավարարելուց հետո մենք կսկսենք մտածել արտահանման մասին», – հայտարարել է նա:
Արտադրության ստեղծման գործում ներդրումները կազմել են 1 միլիոն լարի, ընկերությունում առաջին փուլում կաշխատի 50 մարդ: Ամբողջ հզորության հասնելուց հետո գործարանը կարտադրի մինչև 3 միլիոն տոպրակ: