Բարալեթ-Կաջո ճանապարհն ասֆալտապատվում է երկու փուլով՝ Բարալեթ-Կաջո եւ Կաջո-Ալաթուման: Այս ճանապարհների ասֆալտապատման տենդերի հայտերի ընդունումն այժմ բաց է:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջոից մինչև Ալաթուման գյուղ ճանապարհի ասֆալտապատման համար փետրվարի 28-ին հայտարարվել էր տենդեր-մրցույթ, եւ հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է: Աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Ասֆալտապատվում է Կաջո գյուղից մինչև Ալաթումանի կամուրջ ճանապարհահատվածը: Տենեդրային հայտարարության համաձայն տրամադրված է 583,400 լարի: Սա Բարալեթ-Կաջո ճանապարհի ասֆալտապատման երկրորդ փուլն է:

Այս տարի կավարտվեն Բարալեթից մինչև Կաջո ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Այս փուլն անցած տարի չէր ավարտվել, հետեւաբար կավարտվի այս տարի: Տվյալ տենդերը 511 620 լարիի չափով նույնպես հայտարարված է:

Բարալեթ-Կաջո ասֆալտապատման նախագիծը իրականացվել էր անցյալ տարի՝ 2018 թվականին, սակայն այն չի ավարտվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքով, անցյալ տարի ֆինանսները քիչ են եղել, ու աշխատանքները կատարվել են այնչափ, որքան գումարը՝ 1 միլիոն լարին բավականացրել է, իսկ նախագիծը եղել է 1 միլիոն 400 հազար լարիի չափով:

«Այս տարի պետությունը լրացուցիչ գումար է հատկացրել, եւ մենք կավարտենք ճանապարհի լրիվ ասֆալտապատումը՝ Բարալեթից մինչեւ Կաջո: Պետությունը 870,000 լարի է հատկացրել, մենք կավելացնենք 225,000 լարի եւ կավարտենք այս նախագիծը», – ասաց Ալբերտ Նահատակյանը:

Շուշան Շիրինյան