Այսօր՝ հունիսի 17-ին, Ախալքալաքի կենտրոնական Խաս Բախչա զբոսայգում Թբիլիսիից ժամանած պրոֆեսորները ստուգել են բոլոր ցանկացողների արյան ճնշումը։ «Չափման մայիսյան օրեր» ակցիան իրականացվում է զարկերակային հիպերտոնիան վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
Ախալքալաքում ակցիան առաջին անգամն է անցկացվել։ Արյան ճնշումը չափել և կվալիֆիկացված խորհրդատվություն ստանալ ցանկացողները շատ էին։
Ախալքալաքում ակցիան անցկացվել է «Հիպերտոնիայի հետազոտման համընկերություն» և Հետազոտությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի օգնությամբ, Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի աջակցությամբ։
Բժիշկները տեղավորվել էին զբոսայգու անկյունում, տեղադրել տաղավար, սեղաններ ու ընդունում էին բուժառուներին։ Ակցիան սկսվեց ժամը 12:00-ին և շարունակվեց մինչև 15:00-ն։ JNEWS-ի այցելության պահին, Ախալքալաքում, արյան ճնշումը չափելու նպատակով մոտեցած շատ մարդիկ կային, ոմանք եկել էին ակցիայի մասին իմանալով, ոմանք էլ պարզապես տեսել էին բժիշկներին, հետաքրքրվել և օգտվել առաջարկվող ծառայությունից։ Շատերին նույնիսկ բուժում է նշանակվել։
Պրոֆեսոր, սրտաբան Բեժան Ծինամձղվրիշվիլին կարծում է, որ զարկերակային հիպերտոնիայի վաղ հայտնաբերումը կարող է նվազեցնել հիպերտոնիայի հետևանքով առաջացած բարդությունները։
«Այս միջոցառման նպատակն է բացահայտել զարկերակային հիպերտոնիան: Շատերը երբեք չեն չափել իրենց զարկերակային ճնշումը, ուստի նրանք տեղեկացված չեն հիպերտոնիայի առկայության մասին: Ճնշման բարձր մակարդակը անոթային անբավարարության զարգացման հիմնական ռիսկն է: Շատերն ունեն քողարկված հիպերտոնիա, նրանք ոչ մի ախտանիշ չեն զգացել, չեն գանգատվել, չնայած ճնշումը բարձր է: Դա լռակյաց իշեմիա է: Նման սկրինինգային հետազոտությունները մեծ նշանակություն ունեն հիվանդությունը հայտնաբերելու և համարժեք բուժում նշանակելու համար»,- ասաց Ծինամձղվրիշվիլիի անվան սրտաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բեժան Ծինամձղվրիշվիլին:
Մեկ այլ բժշիշկ, պրոֆեսոր Դալի Տրապաիձեի խոսքով, այս ձևաչափի ակցիաները շատ են օգնում մարդկանց։
«Արյան ճնշումը մահացության և հիվանդացության հիմնական ռիսկն է և՛ մեր երկրում, և՛ ողջ աշխարհում: Մենք եկել ենք Ձեր քաղաք մարդկանց հետազոտելու և խորհուրդներ տալու, առաջարկություններ տալու և արյան բարձր ճնշումը հայտնաբերելու համար», – ասաց Դալի Տրապաիձեն:
Մարդկանց ճնշումը չափում և խորհուրդներ էին տալիս պրոֆեսորներ Բեժան Ծինամձղվրիշվիլին, Վաժա Ագլաձեն, Ռուսուդան Կվանջախաձեն, Նինո Գոգիաշվիլին և Դալի Տրապաիձեն։
Կազմակերպությունը նման ակցիաներ է անցկացնում 2017 թվականից, ակցիաներն անցկացվել են Վրաստանի բազմաթիվ քաղաքներում։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, այս բժիշկները Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում արյան ճնշման թեմայով կոնֆերանս են անցկացրել։