Սկսած 2022 թվականից երկրի 59 մունիցիպալիտետներում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների և օկուպացված տարածքների) հողամասերի համակարգված գրանցում է իրականացվում։ Գրանցման ընթացքում խնդիրներ են առաջանում։ Հիմնական խնդիրն Ախալքալաքի մունիցիպալիտետում այն է, որ տների և հողամասերի սեփականատերերն արտերկրում են գտնվում։

Jnews-ի ունեցած տվյալներով, գրանցողներն արդեն եղել են Խուլգումո, Կուլիկամ, Կարտիկամ, Թոթխամ, Արագվա, Կորխ, Օրջա, Մաջադիա, Խանդո, Օլավերդ և Գոման գյուղերում։

Մենք կապ հասատեցինք գյուղերի ներկայացուցիչների հետ պարզելու, թե ինչպես է ընթանում գրանցման գործընթացը։

Թոթխամ և Արագվա գյուղերի ներկայացուցիչները հիմնականում ասացին, որ միակ խնդիրը կայանում է նրանում, որ եթե տան սեփականատերը հիմա ապրում է Ռուսաստանում և այնտեղի քաղաքացի է, Վրաստանի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացության վկայական չունի, ապա նա չի կարող իր տունը սեփականաշնորհել։

Գրանցողների խմբում մարդիկ կան, ովքեր տիրապետում են ռուսերենին եւ նրանք օգնում են, որ գրանցումն իրականացնողներն ու գյուղացիներն իրար հասկանան։

Կարտիկամում և Խուլգումոյում եղել է դեպք, երբ հարևանների միջև առաջացել է սահմանային խնդիրներ, սակայն այդ հարցը արագ լուծվել է։

Կորխ գյուղի բնակիչները դեռևս ոչ մի խնդրի չեն բախվել, միայն այն, որ ինչպես վերոնշյալ գյուղերում, այստեղ նույնպես գրանցման գործընթացը կիսատ է մնացել։

Խուլգումոյում մարդիկ անհանգստացած են։

Բնակիչներից մեկի սեփականությունը գրանցված է մեկ այլ գյուղացու վրա։

‘’Այդ տանը բնակվել են իմ պապը, անգամ հայրս է այնտեղ բնակվել մինչև 14 տարեկան, այնուհետև գյուղում ուրիշ տեղ տարածք են գնել և տուն կառուցել։ Տան կառուցման ընթացքում օգտագործել են նաև այդ հին տան պատի քարերը։ Ժամանակի ընթացքում չեն սեփականաշնորել, իսկ գյուղի
բնակիչներից մեկն իր տարածքի հետ մերն էլ է սեփականաշնորհել, ինչպե՞ս է դա հնարավոր։ Իսկ հիմա գրանցողներն ասում են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, մենք պետք է դիմենք այլ մարմինների։ Երբ տարածքը գրանցել են իրենց վրա, այնպիսի մարդիկ են վկայություն տվել, որ անգամ ծնված չեն եղել այդ ժամանակ, որ իմանային ով է ապրել այդ տանը”, -ասում է Խուլգումոյի բնակիչը։

Ինչպես նաև գյուղում եղել է դեպք, երբ տունը պատկանում է մեկին, իսկ ռեեստրով գրանցված է մեկ ուրիշի վրա։

Բոլոր գյուղերում շրջել են, սակայն ոչ մի գյուղում գրանցման հարցը ավարտին չեն հասցրել։ Գյուղերի ներկայացուցիչներն ու բնակիչները սպասում են, թե երբ են կրկին գնալու իրենց գյուղ, որպեսզի ավարտին հասցնեն գործընթացը։

Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից մեզ ասացին․

“Մենք շրջում ենք բոլորի տներով, և այդ ընթացքում տան բնակիչներն են ասում, թե տունը ում սեփականությունն է, և համապատասխանաբար, սխալ չի կարող լինել։ Եթե կարծում են, որ ինչ որ տարածք պատկանում է երկու հոգու, և գրանցված է մեկ անձի վրա, այս դեպքում մեր աշխատակիցները ոչինչ չեն կարող անել, և այդ հարցը միայն լուծվում է դատարանի միջոցով։ Ինչ վերաբերվում է այն տարածքին, որը դեռ գրանցված չէ և էլի կռվախնձոր է, ապա այս դեպքում չափագրվում է, սակայն ոչ մեկի անունուվ չի գրանցվում”։

Ինչ վերաբերվում է այն բանին, որ ոչ բոլոր տներն ու հողամասերն են գրանցել, ապա Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից հաստատեցին, որ իրենց աշխատակիցները կվերադառնան յուրաքանչյուր գյուղ, սպասում են, թե երբ կհալչի ձույնը, որպեսզի կարողանան հասնել դաշտեր։

Նշենք, 2022 թվականից ի վեր չափագրվել է 776 297 հողամաս։ Սեփականության իրավունքը գրանցված է 603 110 հողամասի վրա։

Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը պլան-ժամանակացույցի համաձայն՝ 2022-2024 թվականներին չափում և գրանցում է մասնավոր, պետական ​​կամ մունիցիպալ սեփականության հողամասերը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի և տների անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիսկա գյուղից։ Հանրային ռեեստրի աշխատակիցները գյուղի բնակիչների 17 տոկոսի տներն ու տնամերձ հողատարածքները չափագրել են ու հեռացել։ Դրանից հետո՝ 2023 թվականին, մունիցիպալիտետում հողամասերի և բնակելի տների անվճար գրանցումը չէր վերսկսվել։ Շրջանի բնակիչները սկսել էին անհանգստանալ, որ այս ծրագիրն իրենց չի հասնի։ Տեղական իշխանությունները նույնպես անհանգստացած էին եւ 2023 թվականի օգոստոսին նամակ գրեցին պարզելու, թե ինչու գործընթացը չի վերսկսվում։ Մի քանի ամիս անց Սակրեբուլոն Արդարադատության նախարարությունից ստանում է պատասխանը, որում նշված է, որ աշխատանքներն իրականացվում են և կազմվել են ավելի քան 30400 չգրանցված հողամասերի եզրագծումներ (էլեկտրոնային), որոնք պետք է չափագրվեն և հստակեցվեն տեղում: