Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մարտի 7-ի ցույցի ժամանակ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի:
«Իրավապահները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով, բերման են ենթարկել 66 անձի։ Նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան կներկայացվեն օրենքով սահմանված ժամկետում։
Երեկ ամբողջ օրվա ընթացքում օրենսդիր մարմնի հարակից տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները՝ հասարակական կարգը պաշտպանելու և բողոքի ակցիայի խաղաղ անցկացումն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ հավաքվածների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների օրենքով սահմանված շրջանակներից և կրել է բռնի բնույթ։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները փորձել են փակել խորհրդարանի մուտքերը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Չնայած ոստիկանության բազմաթիվ կոչերին՝ պահպանել կարգուկանոնը, անտեսվել է․և հանրահավաքի մասնակիցները շարունակել են իրենց բռնի գործողությունները, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Սակայն հանրահավաքի մասնակիցները ՆԳՆ-ի աշխատակիցների վրա նպատակաուղղված տարբեր առարկաներ՝ քարեր, դյուրավառ միջոցներ, բութ առարկաներ են նետել, ֆիզիկական ոտնձգություն և դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։ Հանրահավաքի մասնակիցները վնասել և այրել են նախարարությանը պատկանող մեքենաներ, ոստիկանության հատուկ տեխնիկա։
«Հասարակական կարգը վերականգնելու և իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը հարկադրված է եղել հետևողականորեն համաչափ ուժ և «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հարկադրանքի հատուկ միջոցներ կիրառել։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն անցկացվեում են «Ժողովրդի ուժը» կուսակցության նախաձեռնած օրինագծերի դեմ։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթն իր մեջ երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։