Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «գործակալների օրենքին»։ Այս մասին նա ասել է նախագահական նստավայրում կայացած ճեպազրույցում։

Զուրաբիշվիլին նշել է, որ օրենքի նախագիծը, որն ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդդիմադիր մի քանի պատգամավորների հետ միասին, «ռուսական օրենք» է։

«Այսօր ես վետո դրեցի ռուսական օրենքի վրա։ Այս օրենքն իր էությամբ և ոգով ռուսական օրենք է, որը հակասում է մեր սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Այսպիսով, դա խոչընդոտ է մեր եվրոպական ճանապարհին։ Այս վետոն լիովին օրինական է և այսօր կներկայացվի խորհրդարան։ Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այսպիսով, կա շատ պարզ վետո՝ այս օրենքը պետք է չեղյալ համարվի», — ասել է Զուրաբիշվիլին։

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։