Երեկվանից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից առաջ, ժողովրդավարական երկրների ու կառույցների տարբեր ներկայացուցիչներ հորդորում են Վրաստանին չընդունել այս օրինագիծը: Արդեն որերրորդ օրն է, ինչ նույնը պահանջում է Վրաստանի քաղաքացիական հասարակությունը՝ խորհրդարանի շենքի դիմաց և սոցցանցերում։ Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մարտի 7-ն անվանել է սև օր վրացական ժողովրդավարության համար:
«Նման օրենքի ընդունումը կվնասի Վրաստանի հարաբերություններին իր ռազմավարական գործընկերների հետ և կխաթարի վրացական բազմաթիվ կազմակերպությունների կարևոր աշխատանքը, որոնք օգնում են համաքաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը մի քանի անգամ մտահոգություն էր հայտնել Վրաստանում նմանատիպ օրենք ընդունելու ծրագրերի վերաբերյալ:
ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել է, որ այս նախաձեռնությունը հակասում է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 առաջարկություններից առնվազն երկուսին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան «Twitter» սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
««Վրացական երազանքի» ներկայացուցիչների կողմից շատ բանավոր հարձակումներ ենթարկվեցի: Իրակլի Ղարիբաշվիլի, թույլ տվեք ասել, որ մենք երբեք ջրցան մեքենաներ չենք կիրառել մեր քաղաքացիների դեմ։ Վերջ տվեք այս խելագարությանը, թողեք «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Ես ողջունում եմ այս խիզախ մարդկանց»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան և կից հրապարակել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ջրցան մեքենաներ օգտագործում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնեվիչենեն «Twitter» սոցիալական ցանցում իր տեսակետն է հայտնել Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ:
«Իմ խնդրանքը Վրաստանի բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին, հատկապես իշխող կուսակցությանը, խնդրում եմ լսեք ձեր ժողովրդին։ Մի կործանեք ձեր երկրի ապագան»,- գրել է Եվրախորհրդարանի անդամը։
Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը տարածում է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման կապակցությամբ։ Նշելով, որ օրենքն իր ներկայիս տեսքով բացասական ազդեցություն և վնասակար հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ինչպես նաև Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր շահում են այդ կազմակերպությունների աշխատանքից։
Իսկ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները որերրորդ օրն է խաղաղ ճանապարհով պահանջում են չընդունել օրինագիծը, ինչի արդյունքում նրանց նկատմամբ ուժ կիրառվեց։