Բոզալի փոքրիկ գյուղը գտնվում է Ախալքալաք-Կարծախ մայրուղուց ոչ հեռու, այնպես որ ճանապարհից երևում է գրեթե ողջ գյուղը։ Եվ թվում է, թե այստեղ ամեն ինչ պետք է հարթ լիներ, սակայն այդպես չէր՝ 400 մետր ցեխ, գիշերային ժամերին մութ փողոցներ և անասուններ, որոնց պետք է 1 կմ քշել երկաթգծով դեպի Սուլդա, որպեսզի նույնքան էլ ետ վերադառնան գյուղի դիմացի արոտավայրեր: Բնակիչները չեն դժգոհում, բայց զրույցում պարզվում է, որ նրանք ամեն օր ստիպված են մշտական անհարմարությունների մեջ ապրել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում բնակչության հետ, բնակչությանն Ախալքալաքում առկա ծառայություններից օգտվելու, խնդիրների վերհանման և դրանց լուծման համար փաստաբանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: «Բաց սահմաններ»-ն այս անգամ գնացել էր Բոզալի գյուղ։
Բոզալի գյուղում հանդիպումն անցկացրեցին «Բաց սահմաններ» ՀԿ-ի համահիմնադիր և Jnews-ի լրագրող Շուշան Շիրինյանը և «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն և Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։
Բոզալի գյուղում բնակվում է 32 ընտանիք՝ ընդհանուրը 218 մարդ։ Հավաքված մոտ 15 գյուղացի տեղեկացան պետական բժշկական ապահովագրության, գյուղատնտեսական ծրագրերի, սոցիալապես անպաշտպանի կարգավիճակ ստանալու, Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու կամ պահպանելու, գյուղատնտեսական հողերի պետական գրանցման և բազմաթիվ այլ հանրային ծառայությունների մասին։ Գյուղացիներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և կիսվեցին իրենց փորձով։
Հանրային ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալուց հետո բնակիչները խոսեցին գյուղի և իրենց անձնական խնդիրների մասին։
Բոզալիի բնակիչ Կարապետ Դուրգարյանը դժգոհեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումից հետո, գյուղացիների մոտ առաջացած անհարմարություններից։
«Երկու գյուղի համար (խմբ. Սուլդա, Բոզալի) ընդամենը մեկ անասունների անցման տեղ է կառուցվել: Նախևառաջ՝ հարմար տեղում չի կառուցվել, երկրորդ՝ եթե միայն այս անցումով անցնեն, ամեն անգամ պետք է անասուններին 1 կմ քշել դեպ անցում և նույնքան էլ հետ։ Մեր արոտավայրերը հենց գյուղի վերևում են, բացի այդ, անասունների կուտակում է լինում, հովիվը պետք է անասուններին սովորականից 2-3 ժամ շուտ վերադարձնի, քանի որ միայն քշելու համար այդքան ժամանակ է պահանջվում: Տեխնիկայի համար անցումը նույնպես հարմար չէ, խոտով բեռնված մեքենան չի կարող անցնել»,- ասում է Կարապետ Դուրգարյանը։
Գյուղացիների բողոքները շատ էին: Նրանք դժգոհում էին, որ կարտոֆիլը վատ է վաճառվում, որ մարզում սպանդանոց չկա, նրանք ասացին նաև, որ մայրուղուց դպրոց տանող ճանապարհն ասֆալտապատեն։
«Այդ ճանապարհը կարող էին գոնե ասֆալտապատել, ամբողջ գյուղում ընդամենը 400 մետր ճանապարհ է, իսկ մայրուղուց մինչև դպրոց ընդամենը 200 մետր է, բայց հասցնում ենք ցեխի մեջ կորչել»,- ասաց բնակիչներից մեկը։
Կարեն Վարդիկյանը սխալ է համարում, որ մեքենաների տեխզննման ժամանակ իրենցից պահանջում են, որ մեքենաները համապատասխանեն չափանիշներին, մինչդեռ սպասարկումը, ավտոպահեստամասերն ու վառելիքը չափանիշներից հեռու են և թանկ։
«Ավտոպահեստամասերը բոլորը էժան պատենտներ են, անորակ, գնում ես, տեղադրում ես, մեկ օրում այլևս այն չէ, բենզինը անորակ է, բայց նրանք CO-ի նորմալ պարունակություն են պահանջում, չեն կարողանում վերահսկել, որ բենզինը նորմալ լինի, պահեստամասերը՝ որակյալ»,- ասում է Կարեն Վարդիկյանը։
Եզեկ Մարաբյանը կարծում է, որ մունիցիպալիտետին անհրաժեշտ է սպանդանոց:
«Եթե սպանդանոց լիներ, անասունը միշտ, անհրաժեշտության դեպքում, կկարողանայինք հանձնել, իսկ այսպես սպասում ես թուրքերի, վրացիների գալուն, իսկ նրանք կարող են չգալ այն ժամանակ, երբ քեզ պետք է»,- ասում է Եզեկ Մարաբյանը։
Մինչ այս հանդիպումը նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել Խավեթ և Էրինջա գյուղերում։ «Ախալքալաքի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագրով հանդիպումներ կանցկացվեն մունիցիպալիտետի ևս յոթ գյուղում։
«Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից՝ գյուղերի բնակչությանը օգնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որոնք ունեն ամենաշատ խնդիրները։ Jnews-ը Բոզալիի բնակչության հետ հանդիպելուց առաջ ուսումնասիրել է գյուղի խնդիրները։ Տեղեկատվական հանդիպման հիմնական նպատակը ոչ միայն բնակչությանն իրազեկելն է, որպեսզի նրանք կարողանան օգտվել տարբեր ծառայություններից, այլեւ լսել նրանց ու իմանալ նրանց խնդիրների մասին։