Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղում, նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները երազում են մանկապարտեզի մասին: Ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից, ծնողները համաձայն չեն երեխաներին տեղափոխել այլ գյուղերի մանկապարտեզներ:

Խավեթ գյուղում ապրում է 50 ընտանիք, մոտ 300 մարդ։ Գյուղը հեռու է և շատ բանից զրկված, գյուղում չկա մանկապարտեզ, մանկական խաղահրապարակ և երիտասարդական կենտրոն։ Չկան խմբակներ կամ արտադպրոցական ուսումնական կենտրոններ: Ճանապարհի վերականգնումը սկսվել է այս տարի, սակայն այս տարի այն չի ավարտվի։

Խավեթցիները ցանկանում են, որ իրենց երեխաներն օգտվեն նախադպրոցական կրթության իրավունքից, և, որ գյուղում մանկապարտեզ կառուցվի։

Անահիտ Սահարյանն ասում է, որ նախադպրոցական կրթությամբ առաջին դասարանցին շատ է տարբերվում մանկապարտեզ չհաճախած աշակերտից:

«Առաջին երեխաս մանկապարտեզ չի գնացել, առաջին դասարանում նրա համար դժվար էր, մանկապարտեզ գնացած երեխաներն ավելի զարգացած են, տառաճանաչ են, գույներն են տարբերում և շատ ավելին: Մեզ առաջարկեցին երեխաներին տանել այլ գյուղեր, բայց մենք մերժեցինք, ինչպես փոքր երեխաներին առանց հսկողության թողնենք»,- ասաց Անահիտ Սահարյանը։

Սիմոն Պետրոսյանն ունի երկու երեխա՝ 2 և 4 տարեկան։

«Բազմիցս դիմել ենք գյուղում մանկապարտեզ կառուցելու համար, շատ նախադպրոցական տարիքի երեխաներ ունենք՝ մոտ 20 հոգի: Տրանսպորտավորմանը համաձայն չենք: Չլսող երեխաներ են, չարություն են անում, ում վստահենք մեր երեխաներին, ճանապարհը երկար է»,- ասում է Սիմոն Պետրոսյանը։

Մկրտչյան Սամվելը նույնպես չի պատկերացնում, թե ինչպես կարելի է 3 տարեկան երեխային թողնել առանց հսկողության։

«Եթե տրանսպորտ էլ հատկացնեն, ով է երեխաներին հետևելու, մարդ է պետք, որ հետևի նրանց: Մինչև Սուլդա 10 կմ է, իսկ մինչև Կարծախ՝ ավելի շատ: Վարորդը չի կարող երեխաներին նայել, մեքենայում ինչ-որ մեկը պետք է լինի, որ հետևի նրանց: Թող այստեղ կառուցեն, ուրիշ տեղերում նույնիսկ մեկ երեխայի համար են սարքում, իսկ մեզ մոտ 50 ընտանիք կա, դպրոցում 80 աշակերտ կա»,- ասում է Սամվել Մկրտչյանը։

Տեղական իշխանությունները քննարկել են Խավետում մանկապարտեզ բացելու հարցը, ինչպես մյուս գյուղերում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ։ Սակայն կոնկրետ ժամանակացույց չկա, թե երբ կկառուցվի մանկապարտեզը։

Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, երեխաներին կարող են տեղափոխել այլ մանկապարտեզներ, եթե նրանց ծնողների կողմից դիմում ներկայացվի։ Խավեթից երեխաներին հնարավոր է տեղավորել Կարծախ գյուղի մանկապարտեզ:

«Կածախի մանկապարտեզը երկու խմբի համար է, բայց այնտեղ մեկ խումբ է բացվել, Սուլդայում տեղ չկա, Սուլդայի մանկապարտեզում երեք խումբ կա և 95 երեխա»։

Անահիտ Ասատուրյանի խոսքով, եթե ծնողները ցանկանան, հաջորդ տարի կարող են երեխաներին Խավեթից տեղափոխել Կարծախ, բայց այս տարի իրենք այլեւս չեն կարողանա տրանսպորտով ապահովել: