Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները շատ են ցանկանում գազիֆիկացնել իրենց տները, սակայն նրանց համար դա շատ թանկ է: Գազի բաշխման ընկերությունը ներկա պահին չի կարող ներդնել սեփական միջոցները գյուղի գազիֆիկացման համար:

Դադեշ գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենց գյուղը դեռ գազիֆիկացված չի, չնայած այն հանգամանքին, որ հարևան գյուղը, որը ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում իրենց գյուղից, վաղուց օգտվում է բնական գազից:

Գյուղի գազիֆիկացման համար բնակիչները մի քանի անգամ դիմել են գազաբաշխիչ ընկերություն: Երկու տարի առաջ, նույնիսկ կար մարդ (մի հարուստ մարդ ծնունդով Դադեշից), ով պատրաստ էր վճարել գազատարի անցկացման ծախսերը հարևան գյուղից՝ Փոքր Գոնդուրայից մինչ Դադեշ:

Գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանն ասում է, որ մինչ հովանավորի ի հայտ գալը, գազիֆիկացման ընկերությունը իրենց գյուղի յուրաքանչյուր տնից պահանջել էր 650 լարի:
«Սակայն, երբ որ հովանավորը վերցրեց իր վրա Գոնդուրայից մինչ մեր գյուղի ծայր գազիֆիկացման ծախսերը, մեզնից կրկին պահանջեցին նույն գումարը, և մենք չհամաձայնեցինք: Դրանից հետո մենք չենք դիմել, նրանք էլ չեն եկել», – ասում է Ժորա Սիմոնյանը:

Բայց գազը քաշել հովանավորի միջոցներով չհաջողվեց:
«Սկզբից հովանավորին ասացին, որ պետք է 100 000 լարի և այդ մարդը համաձայնեց: Այնուհետև վերահաշվարկ արեցին և ասացին, որ պետք է 100 000 դոլլար: Նա հրաժարվեց վճարել նման գումար», – ասում է Մյասնիկ Ստամբոլցյանը:

Ըստ բնակիչների, այսօր, եթե դադեշցիները որոշեն գազիֆիկացնել իրենց տները, ամեն տուն պետք է վճարի 1300-ից 1700 լարի, իսկ այդպիսի գումար բնակիչները չունեն:

SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը ասում է, որ իրենց ընկերությունը այլևս պարտավոր չէ միջոցներ ներդնել գյուղերի գազիֆիկացման համար: Ընկերության բաժնետերերն, մինչ վերջերս, ներդրել են իրենց միջոցները գազիֆիկացման համար, քանի որ պարտավոր էին, սակայն հիմա նրանք կատարել են հուշագրի համաձայն իրենց պարտավորությունները:

«Լիցենզիա ձեռք բերելու ժամանակ նրանք խոստացել են Էներգետիկայի նախարարությանը, որ մինչ 2013 թ.-ը կապահովեն գազով 15000 բաժանորդի: Եվ հիմա մենք ունենք 15,600 բաժանորդ », – ասում է Ղումաշյանը:

Մասնավորապես, Դադեշի խնդրի վերաբերյալ Ռազմիկ Ղումաշյանը իրավիճակը բացատրեց հետևյալ կերպ:

«Հովանավորը առաջարկեց, մենք ուղարկեցինք փորձագետների, նրանք հաշվարկեցին, ես հիմա չեմ հիշում, թե կոնկրետ որքան էր կազմել գումարը, բայց հովանավորը հետո հրաժարվեց: Գումարը կազմեց ավելի քան 100 000 դոլլար: Դա ոչ միայն 3 կմ-ն է, այլ նաև 10 կմ գյուղամեջում: Մենք հաշվեցինք ծախսերը, և ասացինք նրանց», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը:

Այն հարցին, թե արդյոք դադեշցիները կարող են գազաֆիկացման հույս ունենանալ, Ռազմիկ Ղումաշյանը ասաց, որ ինքը չի կարող որոշել, ինքը սեփականատեր չի, դա սեփականատերերի որոշելու հարցն է, սակայն ավելացրեց. «Որքանով ես տեղյակ եմ, այս պահին ընկերությունը ի վիճակի չէ այդպիսի ծախսեր կատարել»:

Ըստ SJGC ընկերության գործադիր տնօրենի, գազիֆիկացման ծախսերը ֆիզիկական անձանց համար կախված է բազմաթիվ բաղադրիչներից և անցկացվում է անհատական հաշիվ յուրաքանչյուր նոր բաժանորդի համար:

Ախալքալաքի շրջանում գազաֆիկացված են 42 գյուղեր, իսկ Նինոծմինդայի շրջանում 22 գյուղեր:

Շուշան Շիրինյան