Վրաստանում պետական ​​կլինիկաների բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը կբարձրանա: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին: Սակայն պարզվում է Ախալքալաքի հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատավարձերը նույնն է մնացել:

Առողջապահության նախարարի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Պետական կլինիկաներում կբարձրանա բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը, ինչ վերաբերվում է երկրի 17 ամբուլատորիաներին, նրանց աշխատավարձերը նույնպես զգալիորեն բարձրացվել են: Միջին աշխատավարձը վերաբերում է այս 1000 հոգուն և 50%-ի սահմաններում է, սակայն առանձին պաշտոնների դեպքում այն ​​տարբեր է»:

Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ, պարզելու արդյո՞ք հոսպիտալում կլինեն բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում: Պարզվում է այս պահի դրությամբ հոնորարի բարձրացում չկա և ինչպես Թորոյանը նշեց Ախալքալաքի հիվանդանոցը պետական կառույց չէ, հետևաբար այդ օրենքը չի ազդում մեր հիվանդանոցի վրա:

«Մենք աշխատում ենք սեփական բուժհաստատությունում, սակայն մշտապես կատարում ենք առողջապահության նախարարության հրահանգները, եթե նախարարության կողմից որոշվի, որ բարձրացվում են միայն պետական հիվանդանոցների բուժաշխատակիցների աշխատավարձերը, ապա դա մեզ վրա չի ազդի: Մենք աշխատավարձերի բարձրացման հարցով գրավոր դիմել ենք մեր հիվանդանոցի սեփականատերերին և այդ հարցը դեռ քննարկման փուլում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսան Թորոյանը:

Այս հարցը Jnews-ի ուշադրության կենտրոնում է: Առաջիկայում կներկայացնենք «Էվեքս» կլինիկայի պատասխանը: