Jnews-ի նախաձեռնությամբ քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետարանի աշխատակիցների և Ախալքալաք քաղաքի ու շրջանի գյուղերի երիտասարդների հետ։ Երիտասարդները մի շարք հարցեր ուղղեցին իշխանության ներկայացուցիչներին և ստացան պատասխաններ:

Հանդիպման ամենահետաքրքիր հատվածները կարող եք դիտել տեսանյութում.

Հանդիպումն անցավ բավականին անկաշկանդ մթնոլորտում: Երիտասարդներն ուղղում էին իրենց հետաքրքրող ինչպես կոնկրետ, այնպես էլ ընդհանրական հարցեր, և ստանում էին ուղիղ պատասխաններ:

Երիտասարդները Կաջո, Օլավերդ, Խուլգումո, Օրջա գյուղերից էին և քաղաքից։ Հարցերին պատասխանում էին քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետեր՝ Մկրտիչ Մղդեսյանն ու Թեյմուրազ Մճեդլիձեն, ինչպես նաև Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։

Հնչեցին շրջանում ճանապարհների, ջրի, զբոսաշրջությանը, մշակույթին վերաբերող հարցեր, սակայն ամենաշատը երիտասարդներին հուզում էր երիտասարդների համար ժամանցի վայրերի բացակայությունը: Երիտասարդները հանդես եկան նաև կոնկրետ առաջարկներով՝ մունիցիպալիտետի արտաքին տեսքը բարելավելու ուղղությամբ, որը կգրավի զբոսաշրջիկներին։

Քաղաքապետարանը ողջունեց երիտասարդների ակտիվությունը և խոստացավ հերթականությամբ լուծել խնդիրները. ըստ բնակչության համար դրանց կարևորության և անհրաժեշտության։