Վրաստանում արդեն 8-րդ տարին է, ինչ գործում է «Համընդհանուր պետական բուժապահովագրություն» ծրագիրը։ 2022 թվականի նոյեմբերի 1-ից ծրագրում էական փոփոխություններ են եղել: Ով, ինչպես և ինչ չափով կարող է օգտվել պետական բժշկական ապահովագրությունից, կարդացեք մեր նյութում։

Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտվել պետական ապահովագրական ծրագրից

Առանձին պետական ապահովագրական փաթեթներ են գործում ուսուցիչների, թոշակառուների, սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ ունեցող անձանց, որոշակի տարիքի երեխաների,  բանակում և ՆԳՆ մարմիններում ծառայողների  համար։ Մնացած բոլորի համար ապահովագրական փաթեթը նույնն է:

Կան նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնք առաջարկում են տարբեր ծառայություններ՝  տարբեր գումարների դիմաց։

Ախալքալաքի մունիցիպալիտետում մինչ օրս Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ապահովագրական պոլիս է գրանցված մոտ 33 հազար մարդու համար։

Ապահովագրական պոլիսների տրամադրումը Վրաստանում, ինչպես և Ախալքալաքում, սկսվել է 2015թ.-ին: Ախալքալաքում պոլիսները մարդկանց բաժանում էին  շրջելով  տներով: Ապահովագրական պոլիսների տրամադրման ժամանակ բնակիչներից պահանջվում էր ներկայացնել անձնագրային տվյալներ, ինչն առաջացրեց բնակիչների դժգոհությունը և շատերը հրաժարվեցին պոլիսը վերցնելուց՝ չիմանալով ծրագրի մանրամասների մասին։  Իսկ ոմանք էլ պարզապես տանը չէին:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, նրանք, ովքեր դեռ ապահովագրված չեն, կարող են դիմել ցանկացած առողջապահական կազմակերպություն, ներկայացնել անձնագիրը և ստանալ ապահովագրական պոլիս։

«Այն ժամանակ, ցավոք, մենք չկարողացանք մարդկանց բացատրել, որ դա իրենց շահերից է բխում: Մենք մեր աշխատողներին ուղարկեցինք յուրաքանչյուր գյուղ, որպեսզի նրանց բացատրեն ապահովագրության համակարգը: Նրանք հիմա էլ կարող են ապահովագրությունից օգտվել: Առաջին բուժօգնություն ստանալիս, պլանային ստուգումների ժամանակ,  կարող են ներկայացնել անձնագիրը եւ գրանցվել»,- ասաց Ալեքսան Թորոյանը։

Եթե անձը չի ակտիվացրել իր բժշկական պոլիսը, ապա նա չի կարող անմիջապես օգտվել դրանից։ Ծրագրի շահառուն կարող է օգտվել ապահովագրական պոլիսից այն բանից հետո, երբ պետությունը կհաստատի կոնկրետ անձի համար ապահովագրական փաթեթը, որը կարող է տևել 1 կամ 2 ամիս: Անձն  օրվա  և մինչև երաշխիքի ստացումը  կատարվող բժշկական ծառայության համար վճարում  է  100%-ով ։

2022 թվականի նոյեմբերի 1-ից առողջության ապահովագրության փաթեթում փոփոխություններ են կատարվել։ Բոլոր ծառայություններն արդեն դարձել են համաֆինանսավորվող, այսինքն՝ ծառայությունների դիմաց վճարում է թե՛ պետությունը, թե՛ բուժառուն։ Եթե մինչ այդ որոշ բժշկական ծառայությունների համար պետությունը 100%-ով ֆինանսավորում էր բուժումը, ապա 2022 թվականի նոյեմբերի 1-ից բոլոր բժշկական ծառայությունները պահանջում են համաֆինանսավորում։

«Հիմա ես դժվարանում եմ տոկոսներն ասել, թե ով, որքան, քանի որ մենք էլ չգիտենք, մենք գիտենք ախտորոշումներն ու համապատասխան կոդերը , հիվանդի դուրսգրման պահին ենք տոկոսը տեսնում: Մենք հիմա բոլորին զգուշացնում ենք համաֆինանսավորման մասին: Ծառայության գումարը տրվում է  դուրս գրվելու պահին, նաև թե քանի տոկոսն է վճարում պետությունը և որ մասն է վճարում բուժառուն»,- ասում է Ալեքսան Թորոյանը։

Առանց ինքնաֆինանսավորման կարող են բուժվել սոցիալապես անապահովի, առաջին կարգի հաշմանդամի և ուսուցչի կարգավիճակ ունեցող անձինք։ Առանց համաֆինանսավորման են մնում ծննդաբերությունն ու «կեսարյան հատումը», ինչպես նաև որոշ դեպքերում ուռուցքաբանությունն ու քիմիաթերապիան։

Սոցիալապես անապահովները պետք է գրանցված լինեն տվյալների բազայում.

Հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, փոփոխությունների շրջանակում իրենք 2022 թվականի դեկտեմբերի 28-ից ռեֆերալ հիվանդանոցում բուժառուների համար մտցրել  են երեքանգամյա սնունդ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորվող բուժծառայությունները

Բժշկական խորհրդատվության ծախսերը փոխհատուցվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից։ Այն գյուղերում, որտեղ թաղային բժիշկ չկա, խորհրդատվության համար վճարում է քաղաքապետարանը, իսկ մյուս բժշկական ծառայությունների համար վճարում է քաղաքացին։ Մյուս գյուղերում, որտեղ բժիշկ կա, քաղաքապետարանը փոխհատուցում է խորհրդատվության վճարը, իսկ բուժսպասարկումն իրականացվում է պետական միջոցներով ու համաֆինանսավորմամբ։

Ախալքալաքի քաղաքապետարանը նաև վճարում  է  մունիցիպալիտետի հետևյալ կատեգորիաների բնակիչների համաֆինանսավորման  մասը․

  •    0-ից 6 տարեկան երեխաներ
  •     Ուսանողներ
  •    Կենսաթոշակառուներ, եթե համաֆինանսավորման մասնաբաժինը կազմում է մինչև 300 լարի, եթե գումարը 300 լարիից ավելի է, բուժառուն վճարում է տարբերությունը։

Պոլիսը բժշկական ծառայությունները վճարում է  ելնելով բուժառուի եկամտից

Ելնելով այն հանգամանքից, որ պետությունը տարբեր եկամուտներ ունեցող շահառուներին բժշկական օգնության ծախսերի տարբեր չափաբաժին է վճարում ,  ապա այն դեպքում, եթե անձը բարձր աշխատավարձով աշխատել է ինչ-որ ընկերությունում, սակայն հետո դադարել է աշխատել,  նախկին բարձր աշխատավարձը կարող է նշված մնա տվյալների բազայում, ուստի անձը կարող է ստանալ կամ չստանալ պետական ֆինանսավորում բժշկական ծառայությունների համար, կամ ստանալ փոքր տոկոսով:  Նման դեպքերում անհրաժեշտ է դիմում գրել հարկային, կամ այն կազմակերպությանը, որտեղ նա աշխատել է, որպեսզի իրեն հանեն աշխատողների ցուցակից։