Այսօր՝ մայիսի 18-ի առավոտվանից, Ախալքալաքի արխիվային փաստաթղթերը տեղափոխվում են Ախալցիխե։ Փակվում է 90 տարվա պատմություն ունեցող արխիվը։

Ախալքալաքի արխիվը բացվել է 1936 թվականից, սակայն այնտեղ կա նաև 1924 թվականի փաստաթուղթ, այս տարիների ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի կորել, կամ փչացել։ Ախալքալաքի արխվը մարզային է եղել։ 2010 թվականին այն համալրվել էր նաև Նինոծմինդայի արխիվային փաստաթղթերով, որոնք միայն անցած տարի են տեղափոխվել Ախալցիխե։

IMG_6031

«Այսօր արխվի աշխատողների համար սովորական օր չէ, քանի որ, ինչպես տեսնում եք, մեր արխիվը տեղափոխում են Ախալցիխե: Սա մեր ժողովրդի համար այդքան էլ լավ նորություն չէ, որովհետև շուրջ 100 տարվա փաստաթուղթ տեղափոխվում է Ախալցիխե: 50 000 գործ, որոնք վերաբերվում են մեր շրջանի 100 տարվա ընթացքում գոյություն ունեցող կազմակերպություններին, ձեռնարկություններին, գործադիր մարմիններին, որոնք 99%-ով կարող եմ ասել, որ հայրերեն և ռուսերեն լեզուներով են։ 240 կազմակերպության փաստաթուղթ կա։ Ցավալի է, բայց ինչ արած, կառավարության որոշումն է, լավ կլիներ, որ մնար, քանի որ սա մեր ժողովրդի ողջ պատմությունն է», – ասում է Ախալքալաքի մարզային արխիվի ներկայիս գլխավոր մասնագետ Գառնուշ Կարախանյանը։

Արխիվի տնօրենն ասում է՝ Ախալցիխեում  համապատասխան պայմաններ կան, փաստաթղթերը ավելի լավ պահելու համար։

arxv

Ախալքալաքի արխիվում աշխատում էր 9 հոգի՝ տնօրեն, 5 մասնագետ, հավքարար և 2 պահակ։ Այսօրվա դրությամբ անգործ է մնում 8 աշխատող, միայն տնօրեն է տեղափոխվում Ախալքալաքի արդարադատության տուն, որպես արխիվի ներկայացուցիչ։

Արխիվի աշխատողներից մեկը իր կյանքի 50 տարին անցկացրել է այս շենքում: Նրա և մյուս աշխատակիցների համար այսօր շատ դժվար է տեսնել ժամ առ ժամ դատարկվող շենքը։

Վրաստանի ազգային արխիվի տնօրենը եկել և Ախալքալաքի արխիվի աշխատակիցներին առաջարկել է շարունակել աշխատել Ախալցիխեում: Սակայն նրանք չեն կարող ամեն օր Ախալքալաքից Ախալցիխե հասնել և հետ վերադառնալ, իսկ բնակարան վարձելու համար  անհրաժեշտ միջոցներ չունեն:

arxv2

Նշենք, որ փաստաթղթերի տեղափոխումն իրականացվում է շատ անփույթ կերպով: Արխիվային փաստաթղթերը տեղափոխողների ձեռքերից թափվում էին գետնին:

IMG_9995

arxiv3

Գայանե Ակոջյան