«Մենք մտածում ենք ամերիկյան օրենքն անմիջապես թարգմանել առանց որևէ փոփոխության։ Հետո այլևս չեն ասի, որ դա ռուսական օրենք է։ Եթե ասեն, ուրեմն ստացվում է, որ Ամերիկայում ռուսական օրենսդրություն է, ուրեմն ի՞նչ են ուզում նրանք մեզանից», – լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին՝ մեկնաբանելով «Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրինանախագիծը։
Մաճարաշվիլին ասում է, որ ամերիկյան նախագիծը կրկնօրինակելով՝ «գործընթացը կդառնա ավելի բարդ ու դժվար», քան իրենց կողմից առաջարկված օրինագիծը։
«Մենք ուրախ ենք, որ «Ժողովրդի ուժ»-ի այս նախաձեռնությունը շատ արագ ընկալվեց Եվրամիության կողմից և այնտեղ նույնպես նախաձեռնվեց նմանատիպ հարց։ Մենք՝ «Ժողովրդի ուժ»-ը, սրանից հետո ևս շատ լավ նախաձեռնություններ կունենանք, և եթե Եվրախորհրդարանը մեզանից օրինակ վերցնի այս հարցում, ապա դա շատ լավ կլինի։ Ինչ վերաբերում է նրան, որ մեր նախագիծը վիճաբանություններ առաջացրեց, ինչպես ասացին Եվրախորհրդարանում, որ ուզում են «պատճենել» ամերիկյան օրենքը և նախաձեռնել այդկերպ, մենք նույնպես հակված ենք կարծել, որ կարող ենք պատճենել ամերիկյան օրենքը, սակայն գործընթացը կդառնա ավելի բարդ ու դժվար, քան մեր կողմից առաջարկված օրենքի նախագծի դեպքում։ Մենք հնարավորություն ունենք մի շարք կետեր փոխելու հանձնաժողովին, քանի որ ամերիկյան օրենքի մեղմացումը, հակառակը, առաջացրեց արձագանք, և ասվեց, որ մեղմացումը ռուսական օրենք է։ Մտածում ենք, որ այն պետք չէ ուղարկել Վենետիկ և էլի ինչ-որ տեղ, չանե՞լ այնպես, որ անմիջապես, մեկը մեկին, թարգմանեն ամերիկյան օրենքը։ Հետո այլևս չեն ասի, որ դա ռուսական օրենք է, իսկ եթե էլի ասեն, ապա ստացվում է, որ Ամերիկայում ռուսական օրենսդրություն է, ուրեմն ի՞նչ են ուզում նրանք մեզանից»,- ասել է Մաճարաշվիլին։
Հիշեցնենք, որ «Ժողովրդի ուժ»-ը շարժման պատգամավորների կողմից խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկությունն ապահովելու» նպատակով կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստր, որում կգրանցվեն այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց եկամուտները 20%-ից ավելի չափով ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից։
Հիշեցնենք նաև, որ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի, «Ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է «օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստրի» ստեղծում, կարող է խաթարել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը։ Միևնույն ժամանակ, ըստ Նեդ Փրայսի, այն հիմնված չէ ամերիկյան օրենսդրության վրա և բավականին նման է Ռուսաստանի և Հունգարիայի օրենսդրությանը։