Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի փոխանցած տեղեկության համաձայն՝ այս տարի իրենց գործունեության տարածքում գործող հանրակրթական դպրոցների գերազանցիկ աշակերտներին շնորհվել է 23 մեդալ՝ որից 15 ոսկե և 8 արծաթե։

Շրջանավարտներին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելու նպատակն է աշակերտների առաջադիմությունը խրախուսելն ու գերազանցիկներին բացահայտելը։

Միջնակարգը գերազանցությամբ ավարտած աշակերտներին կրթության նախարարությունը պարգևատրում է ոսկե և արծաթե մեդալներով:

Մեդալներն ու համապատասխան վկայականներն ունեն իրենց հանձման կանոնները.

• Աշակերտը, որի միջին միավորը առանց կլորացման 10 է, ստանում է ոսկե մեդալ և համապատասխան վկայական։
• Իսկ այն աշակերտը, որի միջին միավորը 9,8 և ավելի է, կստանա արծաթե մեդալ և համապատասխան վկայական։

Աշակերտը պետք է հաշվի առնի, որ մեդալ ստանալու համար միավորների հաշվարկը սկսվում է 10-րդ դասարանից և ավարտվում 12-րդ դասարանի արդյունքներով։

Չնայած միջնակարգը գերազանցությամբ դպրոցն ավարտելուն, կան անհատներ, ովքեր չեն ստանում ոսկե և արծաթե մեդալներ և պատվոգրեր։

Ազգային ուսումնական պլանում նշված է՝ այն աշակերտները, ովքեր դպրոցն ավարտում են հանձնելով էքստեռն քննություն, նրանց ոսկե և արծաթե մեդալներ չեն շնորհվում։

Նշենք նաև, որ ոսկե և արծաթե մեդալի կարող են հավակնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտները, եթե նրանք բավարարում են սահմանված պահանջները: