Վրաստանում ուսուցիչները իրավասություն հաստատելու համար քննություն են հանձնում, որը լավ հանձնելու և համապատասխան կրեդիտը հավաքելու դեպքում աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։ Սակայն ոչ բոլոր ուսուցիչները հնարավորություն ունեն քննության մասնակցելու: Հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչները զրկված են մասնագիտական քննություն հանձնելու հնարավորությունից:
Այն ուսուցիչները, ովքեր տարրական դասարաններում են դասավանդում հնարավորություն ունեն քննություն հանձնել միայն մաթեմատիկա, կենսաբանություն, վրացերեն և ընդհանուր ունակություններ առարկաներից։
Այսինքն՝ եթե ուսուցչը դասվանդում է հայերեն, ռուսերեն կամ ադրբեջաներեն, նա չի կարող մասնագիտական քննություն հանձնել, քանի որ այդ առարկաների համար քննական թեստեր չկան։ Ինչը նշանակում է, որ այդ ուսուցիչների աշխատավարձերը չի բարձրանա:
Խուլգումոյի հանրային դպրոցի ուսուցչուհի Եվգենյա Չիվչյանն ընդհանուր ունակություններ քննությունը հանձնել է, հավաքելով բարձր՝ 7 կրեդիտ, սակայն դժգոհ է այն փաստից, որ մասնագիտական առաջխաղացման համար ոչ մի առաջընթաց չի կատարվում։
«Ես հավաքել եմ բարձր բալեր, սակայն որպես հայոց լեզվի ուսուցչուհի առաջընթաց չունեմ, մեր խնդրանքն է, որպեսզի մեզ էլ ընդառաջեն։ Բացի ընդհանուր ունակություններից մեք ակտիվ մասնակցում ենք տարբեր ծրագրերի, սակայն քանի որ հայոց լեզվի համար քննություն նախատեսված չէ, մեր կարգավիճակը չենք կարող բարձրաձնել», – ասում է Եվգենյան։
Ախալքալաք քաղաքի դպրոցներից մեկում դասավանդող մեկ այլ ուսուցիչ ընդգծում է՝
«Ես հաջողությամբ հանձնել եմ մաթեմատիկա առարկան, քանի որ հայոց լեզու չկա, սակայն խոսակցություններ կան, որ ամռանն ավելացնելու են հայոց լեզվի թեստեր։ Այն ուսուցչուհիները, ովքեր մաթեմատիկա գիտեն կարող են հանձնել քննություն, եթե անցնեն, ապա աշխատավարձի ավելացում կլինի միայն մաթեմատիկայի դասաժամերի համար», – ասում է ուսուցչուհին:
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների միակ բողոքը կայանում է նրանում, որ նրանք իրենց առարկաի քննությունը հանձնելով չեն կարող ո՛չ կարգավիճակ բարձրացնել, ո՛չ էլ աշխատավարձ։
Քննությունների ազգային կենտրոնից Jnews-ին տեղեկացրին, որ տարրական՝ 1-6-րդ դասարանի ուսուցիչների համար հայերենով և ռուսերենով քննություն չկա, և ապագայում էլ ավելացում դեռ չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ավագ ուսուցիչների աշխատավարձը Վրաստանում կազմում է 1011 լարի, առաջատար ուսուցիչների աշխատավարձը՝ 1435 լարի, իսկ մենթորների աշխատավարձը՝ 1745 լարի: Իսկ քննություն չհանձնած ուսուցիչները պրակտիկոսի կարգավիճակ ունեն: Այսօրվա դրությամբ, հայոց լեզու և գրականության ուսուցիչների աշխատավարձը չի գերազանցում 500 լարին:
Այս տարվա, հոկտեմբեր ամսվա տվյալներով Ախալքալաքի շրջանի դպրոցներում՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ունի 88 հոգի, իսկ առաջատար ուսուցչի՝ 10։ Շրջանում մենթոր ուսուցիչներ չունենք:
Ավագ և առաջատար ուսուցիչների քանակն Ախալքալաքում ավելանում է
Պետությունը կենսաթոշակառու ուսուցիչների հեռանալու համար 95 միլիոն լարի կծախսի
Գայանե Ակոջյան