Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում գոյություն ունի լեգենդ, որը չնայած որպես լեգենդ է ներկայացվում, սակայն ունի իր հետևանքները:
Տուրցխում կա մի կիսաքանդ և չբնակեցված տուն, որը վերածվել է անբնակելի մի տարածքի, ոմանք որպես ավտոտնակ են օգտագործում: Ինչպես պատմում են գյուղացիները, ժամանակին այս տունը մարդաշատ է եղել: Բայց տան բնակիչների շարունակվող անհաջողություններից հետո այստեղ ոչ մեկ չի ցանկանում բնակվել: Մարդիկ մտածում են, միգուցե ճիշտ է, որ այդ շեմը անիծված է փերղզու կողմից…
Փերղզին ով է, կմտածեք դուք:
Վերոնշյալ տանը, ըստ լեգենդի բնակվել և ծառայել է փերղզի։ Փերղզի տեղացիները անվանում են ջրահարսին: Այս լեգենդի մասին մեզ առավել հստակ պատմեց գյուղի բնակիչ և Ջավախքի գրողների միության նախագահ Եգոր Մովսիսյանը։
Ըստ լեգենդի տանը հարակից գործել է ջրաղաց, որը մյուս ջրաղացներից նրանով է տարբերվել, որ ունեցել է ահռելի ձայն։ Երևացող և անհետացող աղջիկը, երբ ջրաղացի ջրում հերթական անգամ լողացել է, գյուղի բնակիչներից մեկը՝ Աքե անունով մի խիզախ տղամարդ նրան նկատել է, սակայն ուշադրություն չի դարձրել, մտածելով թե սովորական աղջիկ է։ Երբ Աքեն փորձել է հեռանալ, ջրաղացի ջայնը միանգամից ուժեղացել է և նա նորից հետ է դարձել: Աքեն իմացել է փերղզիներին բռնելու գաղտնիքը այն, որ նրանց անհետանալու գաղտնիքը թաքնված է այն ասեղի մեջ, որը ամրացնում է մազերին։ Աքեն ջրաղացի աղմկին համընթաց աղմուկով մոտեցել է փերղզուն և վերցրել նրա մազերի ասեղը: Նկատելով այդ փերղզին խնդրել և աղաչել է վերադրձնել ասեղը, բայց իզուր։ Աքեն փերղզու հետ պայման է կապել, ըստ որի Աքեն ոչ ոքի չէր ասելու փերղզու ով լինելը, իսկ փերղզին ապրելու և աշխատելու է Աքեյենց տանը։
«Մեր գյուղում առաջ սովորություն է եղել, որ երաժիշտներ էին գալիս երգում, ուրախանում, որից հետո ամեն մարդ իր ընկերներով ու բարեկամներով քեֆ, ուրախություն էր անում և այդպես մեկ օր լիցքաթափվում։ Ես ինքս հիշում եմ, երբ երեխա էի դեռ, այդ սովորությունը կար և սա գուցե լեգենդի իրական հատվածներից մեկն է», – ասաց Եգոր Մովսիսյանը։
Երբ հերթական երեկոներից մեկի ժամանակ Աքեի ընկերները քեֆի ժամանակ գինովցած սկսում են հպարտանալ, Աքեն ընդհատելով նրանց ասում է, որ ինքը փերղզի է բռնել և, որ այդ փերղզին իր տանն է ապրում։ Նրանք չեն հավատում և սկսում են հակաճառել Աքեին, իսկ վերջինս ընկերների հետ գրազ է գալիս և նրանց ուղեկցում է իրենց տուն, որպեսզի փերղզուն ցույց տա։ Աքեենց տան երեխան, լսելով այդ ամենը, նրանցից շուտ հասնում է տուն և երբ ներս է մտնում, փերղզին զգում է, որ ինքը մատնված է և Աքեն խոստումը չի կատարել։ Փերղզին երեխային աղերսագին խնդրում, աղաչում է, որ ասեղը անցկացնի մազերի մեջ և ի վերջո նրա խնդրանքները տալիս են արդյունքը ու երեխան ասեղը մազերին է անցկացնում։ Երբ Աքեն ու ընկերները հասնում են տուն, Փերղզին ներսի սենյակից անմիջապես հայտնվում է դրսի շեմին և հենց շեմի վրա Աքեին անիծում է՝ ասելով, որ նա երեխաներ չունենա, ամանեղենը կոտրվի, գրիչները անհետանան և այլն։
Դրանից տարիներ են անցել, այդ օջախում իրոք անհաջողություններ են եղել, մահացել են երեխաները, գուցե դա զուտ պատահականություն է, բայց քանի-որ գոյություն ունի լեգենդ այդ ամենը կապակցվում է փերղզու անեծքի հետ։
Ջուլիետա Տոնականյան