Մոտ 500 բնակչություն ունեցող Խորենիա գյուղում երեխաների համար զբաղմունք չկա, նրանց օրը սկսվում և ավարտվում է տանը կամ ծնողների հետ դաշտեր գնալով։ Ծնողները բողոքում են, որ մանկապարտեզ տանելու հնարավորություն չունեն, հարևան գյուղերի մանկապարտեզներում տեղ չկա, իսկ գյուղում կառուցելու մասին խոսակցություն անգամ չի գնում։

«Տանը մանկապարտեզի տարիքի երեք երեխա ունենք, ի՞նչ են տեսնում գյուղում երեխաներս, ոչինչ, համարյա թե բոլոր գյուղերում կառուցել են մանկապարտեզ, հերթը այդպես էլ մեզ չհասավ», – ասում է գյուղի կանանցից մեկը։
xorenia11
Փոքրիկները նույնիսկ չեն մտածում մանկապարտեզի մասին, պարզապես չգիտեն դա ինչ է։

«Մանկապարտեզ չեն կառուցում, գոնե մի փոքրիկ խաղահրապարակ կառուցեն, մի տեղ ճոճանակ դնեն գոնե երեխաները կարողանան զբաղվել: Ամբողջ օրը տանն են, կամ ծնողների հետ արտերում», – Jnews-ի հետ զրույցում ասում է Մեծ Խորենիա գյուղի բնակիչներից մեկը։
xorenia22
Խորենիայի գյուղապետ Արկադի Ֆիդանյանի խոսքով, գյուղում շատ խնդիրներ կան, հերթով՝  ամենակարևորներից սկսելով լուծում են:

«Վերջերս լուծվեց մեր ամենակարևոր՝ խմելու ջրի խնդիրը, հիմա «Գյուղին օգնություն» ծրագրով հատկացրած գումարով պետք է փոքր խաղադաշտ կառուցենք, ունենք նաև ճանապարհի խնդիր, հետզհետե կլուծվեն խնդիրները: Հետագայում, եթե մանկապարտեզի պահանջը շատ լինի,  կանդրադառնանք նաև այս խնդրին», – ասում է Արկադի Ֆիդանյանը:

Արդեն 2 տարի է Խորենիայում բոլորի տանը ջուր կա, օգտվելով առիթից երեխաները ինքնուրույն են ստեղծել զվարճանալու տարբերակ, գրեթե յուրաքանչյուրի բակում կարող եք տեսնել փոքրիկ լողավազան: Ջավախքյան կարճատև ամառվա շոգին երեխաների օրը լողավազանների շնորհիվ փոքր ինչ հետաքրքիր է դարձել։
xorenia444