Այսօրվանից Ախալքալաքի շրջանի գյուղերում կանցկացվեն բնակիչների ժողովներ՝ ենթակառուցվածքային աշխատանքների համար գերակա ուղղություններն ընտրելու համար, որոնք այս տարի իրականացվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում:
Գյուղերում գերակայությունների ընտրության գործընթացը կսկսվի այսօր՝ փետրվարի 6-ին և կշարունակվի մինչև փետրվարի 14-ը: Մունիցիպալիտետի քաղաքապետարանում ձևավորվել է քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներից բաղկացած 7 խումբ, որոնք բնակիչներին օգնելու համար կմասնակցեն ժողովներին, սակայն նրանք իրավունք չունեն միջամտել առաջնահերթությունների ընտրությանը: Գյուղի բնակիչները իրենք պետք է որոշեն, թե ինչի համար են ուզում ծախսել ՕԳԾ-ից ստացված միջոցները:
Այս տարի առաջին անգամ առաջնահերթությունների ընտրությանը հանդիպումներին ընտրովի գյուղերում ներկա կգտնվեն Սամցխե-Ջավախքի հանրային պաշտպանի ներկայացուցիչները:
Այս տարի ներդրվել են առաջնահերթությունների ընտրության սահմանափակումներ, ուստի ՕԳԾ գումարը այլևս չի կարող ծախսվել ծիսակատարությունների և Մշակույթի տների, ինչպես նաև գերեզմանատների բարեկարգման վրա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման վարչության մասնագետ Վահան Բաթոյանը կարծում է, որ ՕԳԾ-ը ծրագիրը լավ աջակցություն է քաղաքապետարանի համար:
«Լավ ծրագիր է, յուրաքանչյուր գյուղ փող է ստանում, իսկ տեղական բյուջեն ոչ բոլորին կարող է հատկացնել: Արդյունավետ ծրագիր է», – ասում է Վահան Բաթոյանը:
Ըստ նրա, գյուղերում արդեն բարեկարգվել են ծիսակատարությունների տները, այժմ գումարները հիմնականում ծախսվում են ջրագծերի վերականգնման և գիշերային լուսավորության անցկացման վրա:
Վրաստանում «Օգնություն գյուղին» գյուղական ծրագիրը սկսվել է 2011 թ.-ին, երկու տարվա ընդհատումից հետո (2017,2018) այն կրկին վերսկսվեց 2019 թվականին: Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացված գումարը նույնն է, ինչ նախորդ տարի՝ մոտ 922 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳ ծրագրով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծ գումարը` 20 000 լարի: Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի: