Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 20 665-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3 500 զոհ։
AFAD-ի փոխանցմամբ՝ երկու ավերիչ երկրաշարժերից հետո, ընդհանուր առմամբ, գրանցվել է 1891 հետցնցում։ Հիմնական փլուզումներն ու զոհերը գրանցվել են Թուրքիայի Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթյա և Էլյազըղ նահանգներում։ Սիրիայում էլ մեծապես տուժել են Հալեպը, Իդլիբը, Համան ու Լաթաքիան։
Թուրքական կողմի փոխանցմամբ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, ընդհանուր առմամբ, փրկվել է 80 088 մարդ, 10 նահանգներից տարհանվել է 92 697 քաղաքացի։ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարել է, որ երկրաշարժի գոտում մասնակցում է 31 832 թուրք փրկարար, ևս 8 294-ը աշխարհի մյուս երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու երկրներում առնվազն 870 000 մարդ պարենի հրատապ կարիք ունի։ Ըստ այդ կառույցի՝ միայն Սիրիայում 5,3 միլիոն մարդ անտուն է մնացել։ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ, որպես օգնություն, 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիային։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում հայտարարել էր 7-օրյա սուգ։ Թուրքիայի ողջ տարածքում իջեցվել էին թուրքական դրոշները։
Աշխարհի երկրները շարունակում են հումանիտար և փրկարարական օգնություն ցուցաբերել այդ երկու երկրներին և առավելապես Թուրքիային։ Դեռ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Փաշինյանը երկու երկրների նախագահներին ու ժողովուրդներին ցավակցություն ու զորակցություն էր հայտնել։ Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ փրկարական խմբեր են ուղարկվել Սիրիա և Թուրքիա, որոնք տեղում արդեն մասնակցում են փրկարարական աշխատանքներին։ Հայաստանը Սիրիա նաև սնունդ է ուղարկել։
Ըստ Anadolu գործակալության հրապարակած տվյալների՝ Թուրքիայում այս պահին աշխատում է հայկական փրկարարական խմբի 57 ներկայացուցիչ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ առաջին անգամ հայ-թուրքական փակ սահմանով անցել են աղետի գոտի հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները, որոնք հումանիտար օգնություն են հասցնում Թուրքիային։ Դրանք հայ-թուրքական սահմանը հատել էին Մարգարայի հատվածում։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,5 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Արտատպված է Hetq-ից