Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մայիսի 19-ին ընդունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հասել են պատմական նվազագույն աստիճանի՝ վատթարանալով այնքան, որ դրանք վերաիմաստավորելու կարիք կա։ Ինչպես նաև Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նշվում է, որ Անկարան շարունակում է հեռանալ դաշինքի արժեքներից և նորմերից։ Ըստ եվրապատգամավորների, գրանցվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իշխանության հիպերկենտրոնացում»։
Խորհրդարանականները մտահոգված են նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ այդ երկրի ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Սիրիայի հակամարտություններում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում, գրում է Deutsche Welle-ն։
Թուրքական կողմն արդեն արձագանքել է զեկույցին՝ անվանելով այն կողմնակալ։ Անկարան սխալ է համարում պնդումները երկրում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ առկա խնդիրների մասին։ Անկարան նշել է, որ անդամակցումը ԵՄ-ին Թուրքիայի ռազմավարական նպատակն է և նրա անդամակցումը օգուտ կբերի ամբողջ Եվրոպային։