Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Թուրքիայում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակը, որը ենթադրում է նաև միջազգային օժանդակություն։
Երեկ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Զոհերից մեկն ազգությամբ հայ է։
Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։
Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 2 921-ի, վիրավորվել է 15 834 մարդ, տեղեկացնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD)։