Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին։
«Սկսվում է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլը։ Մենք մաքրում ենք ահաբեկիչներից Թալ-Ռըֆաթն ու Մյունբիչը»,- ասել է նա, գրում է Gazeta.ru-ն՝ Anadolu գործակալության վրա հղումով։
Էրդողանն ասել է, որ այնուհետև թուրքական զորքերը կուղարկվեն Թուրքիային սահմանակից այլ շրջաններ։ Գործողության պաշտոնական նպատակն է պայքարը այդ երկրում արգելված և ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ «Տեսնենք, թե ինչպիսին կլինի արձագանքը Թուրքիայի օրինական քայլերին անվտանգության գոտում։ Ո՞վ կսատարի Թուրքիային», – ասել է Էրդողանը։
2017-ից ի վեր Թուրքիան 3 ռազմական գործողություն է անցկացրել Սիրիայում՝ արդյունքում բուֆերային գոտի է առաջացել Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև՝ Հալեպից դեպի հյուսիս ուղղությամբ։ Թուրքական զորքերի վերահսկողության տակ է նաև Աֆրինը և սահմանակից շրջանները։