Փետրվարի 9-ին, Ախալքալաքի շրջանի երեք գյուղում՝ Մյասնիկյան, Սուլդա և Դադեշ, տեղի ունեցան «Օգնություն գյուղին» ծրագրով՝ (ՕԳԾ) իրականացվելիք առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովներ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում հունվարի 30-ից փետրվարի 14-ը ՕԳԾ-ի առաջնահերթությունների որոշման ժողովներ են անցկացվում։ Երեկ Jnews-ը մասնակցեց Մյասնիկյան, Սուլդա և Դադեշ գյուղերի ժողովներին, որտեղ բնակչությունն ընտրեց այն աշխատանքները, որոնք կցանկանար իրականացնել ՕԳԾ-ով ստացված գումարով։

Բոլոր երեք գյուղերում էլ ժողովներն անցկացվել են փողոցում։

Մյասնիկյան գյուղն ըստ ծրագրի ունի 10000 լարի: Այնտեղ բնակիչները քննարկեցին երկու առաջնահերթություն՝ զրոյից ծիսակատարությունների տան կառուցում և խմելու ջրի ավազանը նոր աղբյուրից ջուր լցնելու նոր ջրագծի կառուցում։

«Գյուղում ջուր չկա, գազ չկա, ծիսակատարությունների տուն չկա, չկա տեղ, որտեղ կարելի է հոգեհաց տալ, ոչինչ չկա, մարդիկ արտագաղթում են այստեղից»,- ասում է Սերժիկ Համբարյանը։

Ոմանք կողմ էին 500 մ երկարությամբ նոր ջրատարի կառուցմանը դեպի ջրավազան։ Հանդիպման ընթացքում հայտնի դարձավ, որ գյուղի համար երկու խնդիրն էլ կարևոր է: Քանի որ գյուղում խմելու ջուր չկա, խողովակները սառած են, բնակիչները հարևան գյուղերից են ջուր բերում, անասուններին ջրելու համար օգտագործում են հալած ձյան ջուրը։

Երկու տարբերակներն էլ նշվեցին որպես առաջնահերթություն: Եթե հովանավոր գտնեն ծիսակատարությունների տան շինարարությունը շարունակելու համար, կընտրեն այս տարբերակը, իսկ եթե չգտնեն, ապա ՕԳԾ-ի գումարը կհատկացվի խմելու ջրագծի կառուցման համար, քանզի Մյասնիկյան գյուղի ՕԳԾ-ի գումարը բավարարում է միայն ծիսակատարությունների տան հիմքի համար։

sulda

Սուլդա գյուղի ժողովը, որն անցկացվեց գլխավոր փողոցում, անցավ շատ էմոցիոնալ և լարված, գյուղի յուրաքանչյուր թաղամասի բնակիչ առաջ էր քաշում այն խնդիրը, որն արդիական էր միայն իրենց թաղամասում։ Պարզվում է, որ գյուղի յուրաքանչյուր թաղամաս իր խնդիրն ունի, բնակիչներն առաջարկեցին ՕԳԾ-ի գումարը բաշխել գյուղի թաղամասերի միջև։ ՕԳԾ-ով Սուլդա գյուղի գումարը կազմում է 16000 լարի, յուրաքանչյուր թաղամասի բաժին հասավ 3000-ական լարի։

«Գյուղի ՕԳԾ-ի գումարը 16000 լարի է, եթե հարկերը հանենք, մնում է 12 000 լարի, և գյուղի յուրաքանչյուր թաղամաս կստանա 3000 լարի։ Գյուղի յուրաքանչյուր թաղամաս իր բաժինը կծախսի խմելու ջրի խնդրի լուծման վրա։ Ծախսվելու է գյուղի ներսում ջրամատակարարման գծի վերականգնման համար, վերանորոգվելու է անասունների ջրամբարը»,- ասաց Սուլդա գյուղի մասնագետ Զարզանդ Կուջոյանը։

Դադեշ գյուղում որոշեցին իրենց՝ 16000 լարի գումարը ծախսել գյուղի լուսավորության վրա։ Թեեւ Դադեշ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, գազ չկա, ջուր չկա, բայց ՕԳԾ-ի գումարը չի կարող օգտագործվել այդ խնդիրները լուծելու համար։ Բնակիչները ցանկանում են, որ լույսերը տեղադրվեն գյուղում արդեն գոյություն ունեցող սյուների վրա, որպեսզի լուսավորեն ամբողջ գյուղը։

dadesh