Թոթխամ գյուղում ամառային սեզոնին ջուրը տալիս են գրաֆիկով՝ երեք օրը մեկ։ Այստեղ ավտոմատ լվացքի մեքենաներն աշխատում են ձեռքով: Իսկ ամռանը բակերը զարդարում են խմելու ջուր հավաքելու մեծ տակառները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Թոթխամ գյուղը համեմատաբար մոտ է քաղաքին։ Ամառային սեզոնին փողոցներում ու բակերում ջրի մեծ բաքեր են հայտնվում, քանի որ, ինչպես գյուղացիներն են ասում, այստեղ ջուրը ստանում են ժամանակացույցով։ Գյուղը թեև փոքր է, բայց բաժանված է երեք մասի: Եվ ամեն օր գյուղի միայն մի հատվածն է ջուր ստանում։
«Ջուրը հավաքում ենք, այգում ոչինչ չենք կարող տնկել, որովհետև չենք կարող ջրել: Աբլարից ջուրը Կորխ գյուղով հոսում է գյուղ, իսկ այնտեղից ինչ մնում է գնում է այս գյուղը: Գյուղը կիսվում է երեք մասի, լինում է, որ երկու օր ջուր չենք ստանում»,- ասում է Թոթխամի բնակիչներից մեկը։
Գյուղացիներն ընտելացել են այս իրավիճակին և մտածել են մի մեթոդ, որով ամռանը ջրի բացակայության դեպքում կարող են գործածել ավտոմատ լվացքի մեքենաները։
«Եթե ուզում ես լվածք անել, ջուրը հավաքում ես, ձեռքով լցնում լվացքի մեքենայի մեջ, հետո ջուրը թափում ես ու նորից մաքուր ջուր լցնում, որ պարզաջրես: Եվ այսպես մի քանի անգամ»,- բացատրում է տեղի բնակիչներից մեկը:
Ըստ գյուղի լիազորի՝ այս հարցը կարծես թե լուծված է:
«2000 թվականից մենք նոր ջրագիծ ունենք, այն ժամանակ շատ մարդ կար, բայց ջուրը բավականեցնում էր, հիմա մարդիկ երկու անգամ քիչ են, իսկ ջուրը 5 անգամ պակասել է: Թոթխամն այն ժամանակ ուներ 60 ընտանիք, իսկ Կորխում մոտ 200, CIF կազմակերպությունը ջուր է անցկացրել մեր երկու գյուղերի համար: 16% ծածկվել է տեղի բնակիչների կողմից, իսկ 84%-ը՝ CIF-ի: Եվ մենք ջուրը կիսում ենք Կորխի հետ: Քանի որ Կորխը ծովի մակարդակով ավելի ցածր է, ավելի շատ ջուր գնում է այնտեղ, իսկ մենք բարձրության վրա ենք, ուստի քիչ է հասնում: Մի քանի անգամ եկել ենք կարգավորման, Կորխի բնակիչները թույլ չեն տվել, բայց այս տարի, երևի մինչև սեզոնի ավարտը, ջուրը կլինի արդեն նոր գծով»,- ասում է Թոթխամ գյուղի լիազոր Մեսրոպ Իրիցյանը։
Ինչպես վստահեցնում են տեղական իշխանությունները, քաջատեղյակ են գյուղի խնդրի մասին, նրանց հայտնի է, թե որքան կարժենա Թոթխամի նոր ջրագիծը, բայց այս պահին այս ծրագրի իրականացման համար միջոցներ չկան։ Սակայն տեղեկություններ կան, որ Թոթխամ գյուղից մարդ կա, ով ցանկանում է իր վրա վերցնել նոր ջրատարի ֆինանսավորման մի մասը, սակայն տեղական բյուջեից այդ աշխատանքների համար որևիցե միջոցներ չեն հատկացվել։