Ջավախքում բռնցքամարտն ասոցացվում է Կարտիկամ գյուղի և Էլիզբարյան ազգանվան հետ, որն իր բացատրությունն ունի: Հայտնի մարզիչ Ատոմ Էլիզբարյանը Կարտիկամից է, նրա սաները բռնցքամարտում բացառիկ արդյունքներ են գրանցում: Նրանք իրականացնում են Ատոմի երազանքները:
Ավելի քան 30 տարի է Ատոմը Ջավախքում աշխատում է որպես մարզիչ: Այս ընթացքում նրա ղեկավարությամբ աշխարհի բրոնզե մեդալակիրներ են դարձել՝ երկու, եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ՝ վեց և Վրաստանի չեմպիոններ՝ 30 բռնցքամարտիկներ:
Ատոմը մեծացել է մի ընտանիքում, որտեղ սպորտն առաջնայինն է եղել։ Հորեղբայրը բռնցքամարտիկ է եղել, հայրը սիրել է վոլեյբոլը, մայրը նույնպես զբաղվել է սպորտով՝ թեթև ատլետիկա:
Բռնցքամարտի հանդեպ սերը Ատոմը հորեղբորից է ժառանգել:
«Երբ փոքր էի հորեղբորս տղաների հետ միշտ մարզվում էի, հորեղբայրս համբերատար մեզ հետ զբաղվում էր, այդտեղից է եկել սերը դեպի բռնցքամարտը: Այնուհետև ես պարապում էի մեր գյուղից բռնցքամարտիկ Ալեքսան Անտոնյանի մոտ, նա իմ առաջին մարզիչն է եղել»:
Ատոմի եղբայրը նրան համոզել է ընտրել մի ուրիշ մասնագիտություն:
«Ես ասում էի՝ ես իմ աշակերտներին պետք է հասցնեմ Եվրոպա, աշխարհ: Ես երազել եմ, բայց չեմ հասել, ուզում եմ, որ իմ աշակերտները հասնեն: Եղբայրս չէր պատկերացնում, երբ առաջին աշխարհի չեմպիոնն ունեցանք, գրկեց ինձ և ասաց. «Դու քո խոսքի տերը եղար»։
Ատոմ Էլիզբարյանը փոքր հասակից մասնակցել է տարբեր մրցույթների և գրավել պատվավոր հորիզոնականներ: Սակայն չի մոռացել իր առաջին մենամարտը։
«Մոտ 11 տարեկան էի, Ախալքալաքում էր մրցումը, մենամարտում էի Սպարտակ Մելքոնյանի հետ։ Ես նոր-նոր էի գնում մարզումների, իսկ ինքը երկու տարի է մարզվում էր, ծանր մենամարտ էր, և, երբ ավարտվեց, Օվանօղլյանը պետք է մեզանից մեկի ձեռքը բարձրացներ, բայց նա ասեց՝ երկուսդ էլ ձեռքերդ բարձրացրեք: Այսօրվա նման հիշում եմ, շատ է տպավորվել»:
Ատոմի աշխատասենյակում գովասանագրերի և մեդալների պակաս չի զգացվում: Ասում է՝ խնամքով պահում է բոլոր գովասանագրերը, դիպլոմներն ու մեդալները:
Կարտիկամում դպրոցն ավարտելուց հետո Ատոմը կրթությունը շարունակել է Հայաստանում: Ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժին։ Հինգ տարի այնտեղ է սովորել ու մարզվել:
Երբ հերթական մրցման ժամանակ ոտքի լուրջ վնասվածք է ստացել, այդ ժամանակ իր մարզիչը հորդորել է, որ չթողնի սպորտը ու մարզչական գործնեությամբ զբաղվի:
1994 թվականին Ատոմը գյուղում խումբ է բացել ու սկսել մարզումները, որտեղ մարզվել են ոչ միայն Կարտիկամի, այլ նաև հարակից գյուղերի պատանիներն ու երիտասարդները: Զուգահեռ պարապմունքներ է անցկացրել Ախալքալաքի Սպորտ դպրոցում, այնուհետև առաջին զինվորական ավանում:
«Իմ նպատակների հետևից եկա գյուղ, 24 տարեկանից սկսել եմ մարզչական աշխատանքս, նաև դպրոցում եմ աշխատել որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Երբ գյուղում էի պարապում, պայմաններ չկար, մի մեծ դահլիճ էր, ջեռուցում չկար, բայց շարունակում էի պարապմունքները»:
Այդ ժամանակներից էլ Կարտիկամը Ջավախքում հայտնի է դառնում որպես բռնցքամարտի գյուղ: Ատոմը հիշում է՝ «երբ գնում էինք մրցումների, կատակով ասում էի՝ Կարտիկամը Վրաստանի դեմ»։
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից բազմաթիվ բռնցքամարտիկներ են դարձել Վրաստանի չեմպիոններ:
Արդեն 2009 թվականի օգոստոսից Ատոմ Էլիզբարյանն աշխատանքի է անցնում Ախալքալաքի մարզահամալիրում։
«Ինձ հրավիրեցին և ասացին, որ ես պետք է գամ, որ սպորտը զարգանա։ Երբ նոր էինք սկսել պարապել շատ քիչ թվով երեխաներ էին հաճախում, եթե չեմ սխալվում 50-60 սկսեցինք, այսօր արդեն 400 ենք, մարզիչներ հրավիրեցի իմ սաներից և սկսեցինք աշխատել: Եվ ինչպես տեսնում եք, հասանք մեծ արդյունքների»։
Այսօր Ատոմի գլխավոր նպատակն է, որ իր սաները մասնակցեն օլիմպիական խաղերին։ Մյուս տարի՝ 2024 թվականին, Փարիզում անցկացվելու են օլիպմիական խաղերը և նա մեծ հույսեր է կապում իր մարզիկների հետ:
Ատոմը 2008 թվականին Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ստացել է վաստակավոր մարզիչի կոչում: Ինչպես նաև միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից մարզիչի առաջին աստիճանի աստղ է ստացել:
Էլիզբարյանների ընտանիքում սպորտն առաջնային է, և բնականաբար, Ատոմի երկու տղաներն էլ սիրում են սպորտը: Սակայն ավագը՝ Արգիշտին, սովորելով ԵՊՀ-ում աշխատանքի առաջարկություն է ստացել Երևանում և իր գործնեությունը շարունակում է այլ ոլորտում:
Իսկ կրտսերը՝ Արշակը, բռնցքամարտի չեմպիոն է, Վրաստանի հավաքականի անդամ, և շարունակում է ելույթները Վրաստանի հավաքականի կազմում:
Խոսելով Էլիզբարյանների, Կարտիկամի և բռնցքամարտի մասին Ատոմն ասում է.
«Ընդհանրապես մեր գյուղում Էլիզբարյանները շատ են, Արթուր Էլիզբարյանը, Գագիկ Էլիզբարյանը բոլորն իմ աշակերտներն են եղել, իհարկե, լավ տղաներ շատ ունենք մեր գյուղում, որոնք Էլիզբարյան չեն, նրանք նույնպես պարապում էին: Ուղղակի մեր մեջ գենետիկորեն կա բռնցքամարտի հանդեպ սերը։ Հիմա իմ երկու տղաներն էլ են բռնցքամարտիկներ, Գագիկը՝ հորեղբորս տղան (խմբ. Գագիկ Էլիզբարյանը ևս հայտնի մարզիչ է), եղբորս տղան…»:
Մեր հերոսը չի սիրում խոսել դժվարությունների մասին, ասում է՝ ինքը սիրում է դժվարություններ հաղթահարել, և հաղթահարելով բոլոր դժվարությունները հասել է այս օրվան։